Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանն ընդունել է ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի երևանյան ներկայացուցիչ Աննա-Կարին Օստին, կառույցի այլ աշխատակիցների, որոնց հետ էին նաև գործընկերներ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից:
Հյուրերը ցանկանում էին տեղեկանալ կազմակերպություն կողմից Սյունիքում Արցախից տեղահանվածներին տրամադրվող աջակցության արդյունավետության մասին, ինչպես նաև այն խնդիրների, որոնց պետք է ուշադրություն դարձնեն՝ աջակցության հետագա ծրագրերը մշակելիս։
Նարեկ Բաբայանը շնորհակալություն է հայտնել կազմակերպության գործունեության, մինչ այժմ մարզում բնակվող տեղահանվածներին օգնելու ու նրանց խնդիրները լուծելու հարցում մարզային իշխանության հետ սերտ համագործակցության համար՝ նշելով, որ դեռ երկար ժամանակ այս խավը նման աջակցության կարիք կզգա, ու մարդասիրական ծրագրերի շարունակականություն են ակնկալում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են տեղահանվածներին և որոնք պետք է հաշվի առնի ՄԱԿ-ի ՓԳՀ երևանյան գրասենյակը՝ կառավարության հետ աջակցության ծրագրեր մշակելիս։
Դրանք հիմնականում վերաբերում էին ձմեռվա խնդիրներին, մասնավորապես՝ ջեռուցմանն ու ժամանակավոր սեզոնային զբաղվածության բացակայությանը, որը սոցիալական վիճակի սրացման կբերի, կայուն զբաղվածության ապահովման, զարգացման ու ինտեգրման ծրագրերի ներդրմանը, գյուղական բնակավայրերում գյուղատնտեսության զարգացման հնարավորությունների, ենթակառուցվածքների ստեղծմանը և այլն։
Կարևորվել է անհատական մոտեցումը՝ կախված նրանից, թե փախստականները մարզի որ բնակավայրում են հաստատվել, ինչպես նաև ժամանակավոր կացարաններում ապաստանածների կեցության խնդրի վերջնական լուծման անհրաժեշտությունը։