Ոստիկանությունը նախատեսել է անձնագրերի մասին օրենքներում մի շարք փոփոխություններ անել: Ամենաքննարկվողներից մեկը կապված է անձնագրերի վավերականության ժամկետների հետ: Առաջարկվում է Կառավարության որոշմամբ ամրագրված հին անձնագրերի համար 10 տարի ժամկետը փոխարինել 2-ով: Խոսքը չի վերաբերում կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերին և նույնականացման քարտերին, դրանք կշարունակեն տրամադրել 10 տարի վավերականության ժամկետով, ինչը նշանակում է, որ քաղաքացիների ճամփորդելու իրավունքը չի խաթարվում՝ արձանագրում է անձնագրերի և վիզաների վարչության իրավաբանական բաժնի պետը:
Իրինա Մկրտչյան (ՀՀ ոստիկանության ԱՎՎ իրավաբանական բաժնի պետ) - Դեռևս 2012 թվականին ներդրվել է նոր՝ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի համակարգը, և այս շրջանակներում քաղաքացիներին տրամադրվել են կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրեր և նույնականացման քարտեր: Համակարգի ներդրմամբ պլանավորված է եղել ժամանակի ընթացքում անցում կատարել կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթերի տրամադրմանը, ինչով պայմանավորված՝ 2013-2016 թվականներին դադարեցվել է հին նմուշի անձնագրերի տրամադրումը:
Ոստիկանությունը կրկին սկսեց հին նմուշի անձնագրեր տրամադրել 2017 թվականից, քանի որ չէր գործում կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի համակարգը: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ հիմա կառավարությունը աշխատում է նոր համակարգի ներդրման ուղղությամբ:
Իրինա Մկրտչյան - Նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ կապահովվի ՀՀ կողմից տրվող՝ անձը հաստատող փաստաթղթերի միջազգային ստանդարտներին համապատասխանեցում, և կապահովվի նաև անվտանգության համակարգերին համապատասխանեցումը: Ավելին, արդեն իսկ նշված ուղղությամբ կատարվում են աշխատանքներ և ոստիկանության պետի 2021 թվականի հոկտեմբերի 15-ի հրամանով հայտարարվել է կենսաչափական անձնագրերի և քարտերի դիզայնի մրցույթ:
Փոփոխությունը՝ իրավասու մարմնի պնդմամբ, կատարվում է միայն նոր համակարգին անցնելու համար: Անձնագրերի և վիզաների վարչության իրավաբանական բաժնի պետի խոսքով կենսաչափական անձնագրերի տրամադրումը ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պահանջներից է: Իրինա Մկրտչյանը բացատրում է նաև, թե ինչ պետք է անել հին անձնագրում արտերկիր մուտք գործելու երկարաժամկետ վիզա ունենալու դեպքում:
Իրինա Մկրտչյան - Էն պարագայում, երբ անձին տրամադրվել է թույլտվություն իքս ժամկետով, էս պարագայում անձնագրի վավերականության ժամկետը ավարտվելուց հետո անձը կարողանում է այդ թույլտվությունը օգտագործել ինչպես հին անձնագիրը սահմանապահին ցույց տալով, այնպես էլ կարող է մոտենալ տվյալ երկրի իրավասու մարմին, որպեսզի մուտքի թույլտվության դրոշմակնիքը փոխանցվի նոր անձնագրում:
Միաժամանակ հայտնում է՝ այն քաղաքացիները, որոնց անձնագրերն ունեն՝ օրինակ 10 կամ 8 տարի վավերականության ժամկետ, այն կշարունակի գործել, մինչև ժամկետի ավարտը: Բայց եթե այդ ընթացքում քաղաքացին կորցնի անձնագիրը կամ դիմի նորը ստանալու համար, դա արդեն կտրամադրվի 2 տարի ժամկետով: Միաժամանակ նախատեսվում է ևս մեկ տարով երկարաձգել հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը, որն ավարտվում է այս տարեվերջին: Սա միակ փոփոխությունը չէ: Եթե գործող օրենսդրությամբ 16 տարին լրացած տղաներին անձնագիրը տրվում է 2 տարի ժամկետով, նոր օրենքով առաջարկվում է անձնագիր տրամադրել մինչև 19 տարեկանը:
Իրինա Մկրտչյան - Նշված նորմի կիրառումը անձանց համար առաջացնում է մի շարք խնդիրներ ՀՀ-ից դուրս իրենց իրավունքները իրացնելու շրջանում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է օտարերկրյա պետություններում կրթության իրավունքի իրացմանը, միջազգային սպորտային մրցումներին մասնակցելու կամ առողջության հետ կապված խնդիրների լուծման դեպքերին:
Օրենքի նոր տարբերակով՝ քաղաքացիների ցանկությամբ, ծննդավայր կարող է նշվել ոչ միայն պետությունը, այլև մարզը, քաղաքը կամ գյուղը նույնպես:
Իրինա Մկրտչյան - Հանգամանքների անհրաժեշտությունն առաջանում է միջազգայնորեն չճանաչված պետություններում կամ վիճարկելի տարածքներում ծնված անձանց իրավունքները իրացնելիս:
Կհեշտացվի նաև անգիտակից վիճակում գտնվող քաղաքացիներին անձնագրի տրամադրման գործընթացը: Այժմ անձնագիր են տրամադրում միայն դիմողի ներկայության դեպքում: Խնդիրները հիմնականում բուժման համար արտերկիր մեկնելու պարագայում էին առաջանում: Նոր կարգավորմամբ՝ անգիտակից քաղաքացների անձնագրավորման համար կարող են դիմել մերձավոր ազգականները, ստացիոնար բուժում անցնելու դեպքում՝ նաև բուժհաստատության վարչակազմը: