Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունեց ՀՀ-ում Իռլանդիայի նորանշանակ դեսպան Մարտինա Ֆինեյին (նստավայրը՝ Սոֆիա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։
ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորեց Մարտինա Ֆինեյին՝ պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-իռլանդական հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու օրակարգի ընդլայնմանը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:
Զրուցակիցները վերահաստատեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխշահավետ համագործակցության զարգացման և առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխադարձ պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը զրուցակցին համապարփակ կերպով ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը։ Այս համատեքստում կարևորվեց Ղարաբաղյան խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։