ՀՀ ոստիկանությունն անձնագրերի հետ կապված օրենքներում նախատեսվող փոփոխությունների մասին պարզաբանում է ներկայացրել: Շրջանառվում է 1998 թվականի համար 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծը, նախատեսվում է նշված անձնագրի վավերականության ժամկետը սահմանել 2 տարի՝ ներկայումս գործող 10 տարվա փոխարեն:
ԱՎՎ իրավաբանական բաժնի պետ Իրինա Մկրտչյանի խոսքով՝ շատ են թեմայի շուրջ շահարկումները, որոնք մարդկանց մոտ առաջ են բերում անհիմն անհանգստություն:
«Խոսքը վերաբերում է միայն Կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված հին նմուշի անձնագրերի ժամկետին, այլ ոչ թե կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերին, որոնք ինչպես տրվել են նախկինում 10 տարի ժամկետով, այնպես էլ շարունակելու են տրամադրվել նույն ժամկետով: Այս պարագայում խոսք չի կարող լինել ՀՀ քաղաքացիների ճամփորդելու իրավունքը սահմանափակելու մասին:
Դեռևս 2021 թվականին ներդրվել է նոր կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի համակարգը, և այս շրջանակներում քաղաքացիներին տրամադրվել են կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրեր և նույնականացման քարտեր: Համակարգի ներդրմամբ պլանավորված է եղել ժամանակի ընթացքում ամբողջությամբ անցում կատարել կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթերի տրամադրմանը, ինչով պայմանավորված՝ 2013-2016 թթ. դադարեցվել է հին նմուշի անձնագրերի տրամադրումը: Սակայն 2017-ին վերսկսվել է այդ փաստաթղթերի տրամադրումը, ինչը պայմանավորված է եղել լեհական ընկերության հետ պայմանագրի ժամկետի ավարտով, ինչպես նաև նոր կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման աշխատանքների չիրականացմամբ: Եվ որպեսզի քաղաքացիների իրավունքների իրացումը չխոչընդոտվի, որոշում է կայացվել կրկին շարունակել տրամադրել հին նմուշի անձնագրեր: Ներկայումս ՀՀ կառավարության համակարգմամբ ընթանում են ակտիվ աշխատանքներ նոր կենսաչափական տվյալներ պարունակող նոր համակարգի ներդրման ուղղությամբ»,- պարզաբանել է նա: