Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ էականորեն կրճատվել է տնտեսվարողներին ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարի վերադարձի ժամանակահատվածը: Եռամսյակի փոխարեն՝ այս տարվա հուլիսի 1-ից վերադարձը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով:
Միասնական հաշվին փոխանցված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարն ուղղվում է այլ հարկային պարտավորությունների մարմանը։ Իսկ այլ հարկային պարտավորությունների բացակայության դեպքում տնտեսվարողն ազատ է տնօրինել փոխհատուցվող գումարը:
Առանց ուսումնասիրության կամ պարզեցված ընթացակարգով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի շեմը նախկին՝ եռամսյակային 40 մլն դրամի փոխարեն սահմանվել է ամսական 40 մլն դրամ:
Ոգելից խմիչքներ արտադրող ընկերության տնօրենի համոզմամբ՝ ԱԱՀ-ի վերադարձը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ օգտագործել շրջանառու միջոցները:
ԱԱՀ վերադարձի մեխանիզմի կատարելագործմանը զուգահեռ՝ տարեցտարի ավելանում են նաև տնտեսվարողներին վերադարձվող գումարները: Մասնավորապես՝ 2021 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին փոխհատուցվող գումարը 22 մլրդ 627 մլն դրամ է եղել, իսկ 2020-ի նույն ժամանակահատվածում՝ ավելի քան 18 մլրդ դրամ:
Եթե 2020 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին վերադարձվել է շուրջ 88 մլրդ դրամ փոխհատուցվող գումար, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 108 մլրդ 669 մլն դրամ: Աճը մոտ 23.5 տոկոս է: ՊԵԿ-ից վստահ են՝ բարեփոխումը խթանում է գործարար միջավայրի ակտիվությունը: