Հյուսիսային Կորեան հոկտեմբերի 19-ին անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Այդ մասին հայտնել են հարավկորեական լրատվամիջոցները:
Ավելի ուշ Հարավային Կորեայի ԶՈՒ շտաբների պետերի միացյալ հանձնաժողովը հայտնել է, որ ԿԺԴՀ-ի արձակած օբյեկտը բալիստիկ հրթիռ է: Այն արձակվել է Հյուսիսային Կորեայի Համգյոն Նամդո նահանգի Սինփհո քաղաքից ոչ հեռու: Հարավկորեական լրատվամիջոցների տեղեկություններով՝ հրթիռն անցել է 590 կմ: Թռիչքի բարձրությունն ամենաբարձր կետում կազմել է 60 կմ:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չե Ինն Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել:
Բալիստիկ հրթիռի արձակումը հաստատել է նաև Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան: Նա նշել է, որ այժմ Ճապոնիան վերլուծում է հրթիռի գործարկման մասին իր ունեցած տեղեկությունները։ Ճապոնիայում նշել են, որ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի խախտում է։