Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացը չի մեկնարկել: Այս մասին խոսելու համար նախ պետք է վերլուծել համապատասխան իրավական բազան՝ հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Եռակողմ բանակցություններին մասնակցող Հայաստանի ներկայացուցիչը միաժամանակ նշել է՝ կան գործընթացին խոչընդոտող նաև այլ հանգամանքներ:
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) - Նախևառաջ մենք պետք է ուսումնասիրենք սահմանների հետ կախված իրավական ամբողջ բազան, ընդ որում՝ այն իրավական բազան, որտեղ կան երկու երկրները: Դրանից հետո նոր հնարավոր կլինի խոսել քարտեզների մասին:
Ըստ Գրիգորյանի՝ ապաշրջափակման գործընթացը պետք է ընթանա ԱՊՀ երկրների իրավական բազայի շրջանակում: Փոխվարչապետը հոկտեմբերի 20-ին մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստին: Թե ինչ ստույգ ուղղություններ են քննարկվելու՝ Գրիգորյանը չմանրամասնեց, սակայն հավելեց՝ երկաթգծի մասով որոշակի պատկերացումներ արդեն ձևավորվել են:
Մհեր Գրիգորյան - Երկաթգծի հետ կապված, ըստ էության, վերականգնողական տրամաբանությունն է: Գծերը, որը եղել են, բոլոր հնարավոր տարբերակները քննարկվում են:
Ադրբեջանը ապաշրջափակման գործընթացը շարունակում է կապել այսպես կոչված «միջանցքի» հետ: Չնայած Բաքվից և Անկարայից հնչող հայտարարություններին՝ Մհեր Գրիգորյանը նորից հայտարարեց՝ Երևանը չի բանակցել և չի պատրաստվում բանակցել որևէ միջանցքի մասին: Հայաստանի առաջնահերթությունը ապաշրջափակման ամբողջական գործընթացն է:
Հայ-ռուսական գազային օրակարգի մասին: Սահմանին և Հայաստանի տարածքում կապույտ վառելիքի գործող սակագնի հետ կապված կոնսենսուս կա՝ ասում է Գրիգորյանը, շեշտում՝ «Գազպրոմի» հետ գազի գնի շուրջ բանակցությունները անընդհատ գործընթաց են, այս պահին էլ են ընթանում:
Մհեր Գրիգորյան - 2019 թվականից ծանր բանակցությունների մեջ ենք եղել, և կարծում եմ՝ բավականին խոր քննարկել ենք այդ հարցը և որոշակի իմաստով նաև համաձայնեցրել ենք, բայց մենք գլոբալ իմաստով ի՞նչ խնդիր ունենք «Գազպրոմ» խմբի հետ կապված: 2013 թվականի համաձայնագրի հիման վրա կառուցվել է 5-րդ էներգաբլոկը, որն էլեկտրաէներգիա արտադրող ջերմակայան է: Ջերմակայանը, ցավոք, հիմա չի աշխատում: Բոլոր ներդրումները, որոնք իրականացվում են Հայաստանում «Գազպրոմ» խմբի կողմից, նույն համաձայնագրի ուժով պետք է ունենան տարեկան շուրջ 9 տոկոս եկամտաբերություն: Կայանի կառուցումը լուրջ և խոշոր ներդրում է, բայց այդ ներդրումն այսօր չի գեներացնում այն հասույթը, որը կապահովի այն եկամտաբերությունը, որ նախատեսված է 2013 թվականի համաձայնագրով:
Հարցն օրակարգում է, քննարկումները շարունակվում են՝ ասում է Գրիգորյանը, շեշտում՝ եթե հաջողվի լուծում տալ այդ խնդրին, գազի գնի վերաբերյալ կունենանք շատ կայուն իրավիճակ: