Ուսումնական տարվա սկզբից Երևանի 50 դպրոցում սկսել են թափոնները տեսակավորել: Աշակերտներն ու ուսուցիչները տարբեր տուփերում առանձնացնում են թուղթն ու պլաստիկը. Հետո դրանք կհանձնեն վերամշակող ընկերություններին:
Մխիթար Ավետիսյան («Համայնքների կայուն զարգացման նորարական լուծումներ» ՀԿ նախագահ) - Ծրագրի նպատակն է հասարակությունում ձևավորել այնպիսի վարքագիծ այնպիսի մշակույթ որ կնպատենք թափոնների արդյունավետ կառավարմանը, վերամշակման, նվազեցման, վերաօգտագործման մշակույթի ձևավորմանը:
«Աշխարհն առանց թափոնների» ծրագրի միջոցով կազմակերպիչները մտադիր են կանխել շրջակա միջավայրի աղտոտումն ու աղբի տեսակավորման մշակույթ ձեվավորել հենց դպրոցից:
Արմեն Շեխոյան (Երևանի քաղաքապետարանի կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության թափոնների տեսակավորման վարչության պետ) - Մեծ ակնկալիք ունենք, որ ինչպես այս դպրոցներում այնպես էլ ամբողջ քաղաքում կզարգանա տեսակավորման մշակույթը, վառ օրինակը կլինեն երեխաները:
Դպրոցներում տեսակավորված աղբը կտեղափոխվի վերամշակման գործարաններ: Սրան այնտեղ երկրորդ կյանք կտան՝ պլաստիկից թելեր ու սինտեպեն կստանան, թղթից՝ նոր թուղթ ու ստվարաթուղթ: Պայմանագիրը 4 ընկերության հետ է կնքվել: Թափոններից գոյացած գումարն էլ հետ կգա համայնքային բյուջե:
Արմեն Շեխոյան - Հավաքված թափոններից ստացված գումարն անցնում է քաղաքապետարանին, կարող է ուղղվել այլ կրթական ծրագրերի:
Թափոնների տեսակավորմանը զուգահեռ ծրագրի շրջանակում բոլոր 50 դպրոցում աղբի ճիշտ կառավարման, շրջակա միջավայրի համար դրանց վնասակարության վերաբերյալ դասընթացներ են անցկացվում: Աշակերտներին ներկայացվում է, որ թափոնը ոչ թե զուտ աղբ է, այլ ռեսուրս, որը կարելի է վերամշակել ու կրկին օգտագործել:
Մխիթար Ավետիսյան - Իրականացնելու ենք դասընթացներ նաև հենց ուսուցիչների շրջանում, որպեսզի ապահովենք ծրագրի կայունությունը:
Դեկտեմբերին դպրոցների միջև նաև մրցույթ է իրականացվելու: Մեկ աշակերտի հաշվով շատ աղբ տեսակավորած դպրոցին մրցանակ է սպասվում: Եթե ծրագիրը հաջողեն, հաջորդ տարվանից մտադիր են աղբը տեսակավորող դպրոցների թիվն ընդլայնել: