Շինտեխնիկայի աղմուկը սահմանային Բերքաբեր գյուղի անմշակ այս հողերում լսելի է մեկ ամսից ավելի: Մեկնարկել է մոտ 5 կմ երկարությամբ ոռոգման նոր ջրագծի շինարարությունը; Արդեն փորվել է 3 կմ հատվածը, մի քանի օրից կսկսվի խողովակաշարի տեղադրումը: Կառուցվում է նաև բաշխիչ ջրավազանը: Մերձակա Աչաջուր գյուղից շինարար Սամվել Գասպարյանի խոսքով՝ գործն ընթանում է նախատեսված հունով, միայն անձրևներն են խանգարում;
Սամվել Գասպարյան (շինարար) - «5 օր է՝ աշխատում ենք էստեղ, արմատուրա ենք գործում: Սա մի 100 տարվա երաշխիք ունի»:
Այս բարձունքից գյուղը և Բերքաբերի ջրամբարը, որտեղից էլ ջուրը կմղվի այս հողատարածները, երևում են՝ ինչպես ափի մեջ: Ջրագիծը կառուցվում է սուբվենցիոն ծրագրով, որի ֆինանսավորման 75 տոկոսը պետբյուջեի մասնաբաժինն է, 20 տոկոսը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամինը, համայնքի ներդրումային բաժին 5 տոկոսը «Հայ օգնության ֆոնդի» նվիրատվությունն է: Վերջին 30 տարում գյուղի ոռոգման համակարգում առաջին նորակառույցն է, որն ըստ գյուղացիների՝ լիովին կփոխի համայնքի կյանքը: Ջրագիծը ոռոգելի կդարձնի Բերքաբերի և հարևան Սարիգյուղի 120 հա անջրդի տարածքները, որոնցից 80 հեկտարը Բերքաբերի համայնքային հողերն են:
Տիգրան Հարությունյան (Բերքաբեր համայնքի ղեկավարի պաշտոնակատար) - «Գյուղի համար կենսական նշանակություն կունենա էս ոռոգման ջրագիծը; Վերջին 30 տարում ոռոգման ոչ մի համակարգ չի գործել այդ տարածքներում, որոնք հիմնականում օգտագործվել են որպես խոտհարքներ, անջրդի մշակաբույսեր են ցանվել: Ջրագծի շահագործումից հետո տարածքները լրիվ կվերափոխվեն, կունենանք նորաստեղծ այգիներ, ամբողջ տարածքը կմշակվի»:
Տիգրան Հարությունյանն ասում է՝ գյուղի մոտ 10 հա արքայանարնջի այգիների մեծ մասը նորատունկ են, իսկ փոփոխությունն ասֆալտով եկավ; Անցյալ տարի ճանապարհի ասֆալտապատումը փոխել է գյուղի կյանքը, նույնիսկ զբոսաշրջիկ է հայտնվել այս կողմերում:
Տիգրան Հարությունյան - «Դժվարանցանելի 4 կմ ճանապարհը շատ մեծ խնդիրներ էր առաջացնում, քանդված ճանապարհներով բերքի գնորդն էլ չէր մտնում գյուղ, իսկ հիմա գյուղում ավելի մեծ շարժ կա»:
Վստահ են՝ այդ ամենը կկրկնապատկի ոռոջման նոր ջրագիծը, որը պատրաստ կլինի գալիք գարնանը: