ՌՈՒՍԱՍՏԱՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Հայ-ռուսական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումի մասնակիցները միջոցառման երկրորդ օրը հավաքվել էին մարզահամերգային համալիրում՝ արդյունքները ամփոփելու համար: Համաժողովի մասնակիցներին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում նշվում է, որ նման միջոցառումները դարձել են երկու երկրի դաշնակցային հարաբերությունների կարևոր ինստիտուտներից մեկը.
Նիկոլ Փաշինյան - ՀՀ վարչապետ - Ռուսաստանը ոչ միայն առանցքային դերակատարում ունի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման հարցում, այլ նաև կենտրոնական տեղ և դեր մեր երկրի տնտեսության մեջ: Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը: 2019 թվականին մեր երկկողմ առևտրաշրջանառությունը գերազանցել է 2 մլրդ դոլարի շեմը, իսկ այս տարի արդեն արձանագրվել է առևտրաշրջանառության երկնիշ աճ»:
ՏԱԹԵՎ-ԱՂՎԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ. ՍԱՆՈՍՅԱՆ
Ռուսաստանը շարունակում է մնալ նաև ամենախոշոր ներդրողը հայկական տնտեսությունում: Մեր երկրում ռուսական կապիտալի մասնակցությամբ կարող է կառուցվել Ատոմակայան, պղնձաձուլարան: Մոսկվան նաև կարող է մասնակցել «Հյուսիս-հարավ» մայրուղու հարավային մասի կառուցմանը՝ ֆորումից հետո հայտնել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
«Հյուսիս-հարավի» նախագծով հետաքրքրված է նաև իրանական կողմը: Գնել Սանոսյանի խոսքով՝ այս տարվա նոյեմբերին, ինչպես և նախատեսված է, շահագործման կհանձնվի Տաթև-Աղվանի ավտոճանապարհը:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Շինարարությունն ընթացքի մեջ է: Գրեթե 24-ժամյա ռեժիմով են աշխատում:
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է
Ինչ վերաբերում է ռուսական ներդրումներին, համատեղ կուտակած միջոցների ծավալը հասնում է 2 միլիարդ 200 միլիոն դոլարի: Սակայն դա ամբողջը չէ: Այժմ նոր ծրագրեր են քննարկվում, որոնք մոտ ապագայում պետք է իրականություն դառնան՝ հայտարարեց Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը:
Դմիտրի Վոլվաչ (Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի տեղակալ) - Տեղյակ ենք, որ կան կոնկրետ նախագծեր, որոնց ներդրումային ծավալը հասնում է մեկ միլիարդ դոլարի: Այդ միջոցները մոտ ապագայում կներերկվեն Հայաստանի տնտեսություն: Կարծում եմ, դա լրջորեն կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական հարաբերությունների զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Նման խոշոր ներդրումային ծրագրերից մեկը պետք է դառնա Երևանի մետրոյի նոր կայարանի կառուցումը: Աջափնյակ վարչական շրջանում նոր կայարանի նախագծման մրցույթում հաղթել է ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: Ռուսաստանի պետական վարկային «ԷԿՍԱՌ» կազմակերպությունը ֆորումից հետո հայտարարել է՝ կարող է ֆինանսավորել նախագծի մոտ 30 տոկոսը: