44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը: Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է նրա հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը;
«Ալբե՛րտս, տղե՛ս, որպես քո հայր՝ քո տեսակով ու քեզնով հպարտանալու հազար առիթ եմ ունեցել: Այժմ քեզ շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը և այն փաստող «Ոսկե Արծիվ» շքանշանը հանձնվել է ինձ:
Կրկին հպարտ եմ ու շնորհակալ, որ օրհնված եմ եղել քո հայրը լինելով, բայց միևնույն ժամանակ պատժված եմ՝ քո ֆիզիկական ներկայությունից զրկված ապրելով: Շնորհավո՛ր, իմ հերոս ու հրետանավոր որդի»,- գրել է նա։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Ալբերտին շնորհված պարգևը գնահատանք է մեր բոլոր հրետանավորներին, ովքեր արցախյան պատերազմների ժամանակ ցուցաբերել են անմնացորդ նվիրում և կամք»,- գրել է Արայիկ Հարությունյանը: