Ադրբեջանը խոչընդոտում է Իրանից Ռուսաստան արտահանմանը: Այս մասին հայտարարել է Իրան-Ռուսաստան առևտրային պալատի տնօրենների խորհրդի անդամ Ջալիլ Ջալիֆարը՝ հաղորդում է Imna-ն:
Նրա խոսքով՝ Ռուսաստան Իրանից արտահանման 80%-ը կազմում են գյուղատնտեսական և պարենային ապրանքները, որոնց մեծ մասն անցնում է «Աստարա» անցակետով: Ջալիֆարը նշել է, որ Ադրբեջանը չի կարող ուղղակիորեն հայտարարել, որ փակել է այդ ճանապարհը, քանի որ այդտեղ առկա է նաև ռուսական գործոնը: Աստարայում բեռնատարների 10 կմ հասնող հերթեր են գոյանում, քանի որ ադրբեջանական կողմը տարբեր խոչընդոտներ է ստեղծում՝ նշելով, թե «էլեկտրականություն չկա, ռենտգեն սարքը չի աշխատում, թմրանյութ փնտրող շները բացակայում են»:
«Մենք պետք է դիվանագիտության հստակ մոդել ունենանք յուրաքանչյուր երկրի, հատկապես՝ հարևան երկրների հետ։ Վերջերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանի տարանցիկ երթուղուն փոխարինելու է Հայաստանով անցնող երթուղին։ Նման հանգամանքներում լրատվամիջոցները չպետք է լուսաբանեն այդ որոշումները։ Ադրբեջանցիները հայերի թշնամին են, և այդ լուրի տարածումից հետո նրանք սաբոտաժի են ենթարկում առևտուրը», - հավելել է Ջալիլ Ջալիֆարը՝ նշելով, որ ճանապարհի բացման միակ միջոցը դիվանագիտությունն է: