««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 19-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
Նախատեսվում է պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության ժամանակ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգը սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ: Առաջարկվում է կառավարության համապատասխան որոշմամբ կանոնակարգել օդային տարածքում ՀՀ պետական սահմանը պահպանելիս և ՀՀ պետական սահմանի օդային տարածքում ահաբեկչական գործողությունների չեզոքացման համար հակաօդային պաշտպանության ու ռազմական ավիացիայի ուժերի կողմից զենքի և մարտական տեխնիկայի կիրառման ընթացակարգը, դրանց կիրառման վերաբերյալ որոշում կայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը:
Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը նշել է, որ իրավական բացթողում է եղել: Գործող օրենքով սահմանի խախտման դեպքերում հակաօդային պաշտպանության զորքերն իրավունք ունեն կիրառել հակաօդային պաշտպանության միջոցներ, սակայն սահմանված չէր այդ միջոցների կիրառման կարգը:
Պատգամավորներն իրենց հարցադրումներում անդրադարձել են սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ տարվող աշխատանքներին, սահմանային իրավիճակին, պաշտպանական և անվտանգային հարցերի լուծման գործում կարևորել ԱԺ գլխադասային հանձնաժողովի անդամների ակտիվ ներգրավվածությունը:
Քննարկված հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամները չեն մասնակցել քվեարկությանը:
««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է հեղինակի՝ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի բացակայության պատճառով:
«ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնության կարգով՝ Ազգային ժողով ներկայացված «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի համաձայն՝ պետական սահմանի պահպանության ոլորտում հակաօդային պաշտպանության զորքերի լիազորությունները սահմանող օրենքի 29-րդ հոդվածում առաջարկվում է նախատեսել, որ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում են Կառավարության սահմանած կարգով:
Օրենքի նախագծի համար հիմք է հանդիսացել օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի կետը, ըստ որի՝ հակաօդային պաշտպանության զորքերն իրավասու են ՀՀ անվտանգությանը սպառնալու դեպքում կամ ՀՀ-ի նկատմամբ թշնամական որևէ գործողություն կատարելիս ուղեկցել և ստիպել օդանավին կամ թռչող այլ սարքին վայրէջք կատարել օդանավակայաններում կամ համապատասխան այլ տարածքում, եթե օդանավը կամ թռչող այլ սարքը շարունակում է նշված գործողությունները, հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները ոչնչացնում են նշված օդանավը կամ թռչող այլ սարքը»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: