ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Մարթեն Էհնբերգին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Վլադիմիր Վարդանյանը և Սոնա Ղազարյանը:
Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանը կարևորել է համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ, ինչպես նաև բարձր գնահատել կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին:
Քննարկվել են Արցախյան 44-օրյա պատերազմին, դրա հումանիտար հետևանքներին, Ադրբեջանում պահվող հայ գերեվարված անձանց անհապաղ վերադարձին առնչվող հարցերը:
Հայ խորհրդարանականները բարձրաձայնել են Ադրբեջանի հակահայ քարոզչության մասին ու այդ համատեքստում մատնանշել այն հետևանքները, որոնք կարող են վտանգավոր լինել տարածաշրջանի կայուն զարգացման համար: Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ թեև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ դադարեցվել են ռազմական գործողությունները, այդուհանդերձ, իրավիճակը շարունակում է մնալ անկայուն:
Դա պայմանավորված է Ադրբեջանի կողմից հայտարարությամբ ստանձնած հանձնառությունների չկատարմամբ, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ նկրտումներով և ուժի կիրառման նոր սպառնալիքով:
Անդրադարձ է կատարվել Հայաստանում տարբեր ուղղություններով ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Խոսելով դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումների մասին՝ ԵԽ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցելու Հայաստանում անկախ դատական համակարգի կատարելագործմանը:
Պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել նաև ԵԽ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Անդորրայի, Իսլանդիայի դեսպանները և ԵԽ քարտուղարության ներկայացուցիչները: