Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում կմասնակցի տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստին:
Անդրադառնալով հարցին, թե ինչ են քննարկվելու, Մհեր Գրիգորյանը նշել է, որ որոշակի պատկերացումներ ձևավորել են երկաթուղու մասով: Նա ընդգծել է, որ ապաշրջափակման հետ կապված կարգավորումներն իրականացվելու են ԱՊՀ երկրների իրավական բազայի շրջանակում:
Եռակողմ ձևաչափով քննարկելու են ավտոմոբիլային կապի միջոցների և ուղիների հետ կապված հարցեր:
Գրիգորյանը հայտարարել է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը չի մեկնարկել: Դրա մասին խոսելու համար նախ պետք է հետազոտել սահմանների հետ կապված ամբողջ իրավական բազան՝ պնդել է փոխվարչապետ Գրիգորյանը:
«Դրանից հետո նոր հնարավոր կլինի խոսել քարտեզների մասին, որովհետև քարտեզն ինքնին ընդամենը սխեմա է: Քարտեզի տակ պետք է լինի իրավական հիմք, և այդ իրավական հիմքերի վրա մենք հիմա աշխատում ենք, հետազոտում ենք, հավաքում ենք, և վերլուծելուց հետո նոր հնարավոր կլինի խոսել քարտեզների մասին»,- ասել է Մհեր Գրիգորյանը: