Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ Երևանն ու Մոսկվան համաձայնության են եկել Հայաստանին մատակարարվող բնական գազի գնի հարցում:
«Գազի գնի բանակցությունը մշտապես ընթացող գործընթաց է։ Մենք համաձայնության ենք եկել սահմանին և Հայաստանի տարածքում գազի գնի վերաբերյալ։ Բանակցություններն ընթանում են 2019 թվականից, բավականին ընդգրկուն քննարկումներ ենք ունեցել և մի շարք հարցերում համաձայնության ենք եկել»,- ասել է Գրիգորյանը:
Գրիգորյանի խոսքով՝ գլխավոր խնդիրներից մեկը, որի վերաբերյալ կողմերը դեռևս պայմանավորվածություն չունեն, Հրազդանի ՋԷԿ-ն է։
«Դա Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի հետ կապված իրավիճակն է, որը պատկանում է «Գազպրոմին» և այժմ չի գործում։ Մենք կցանկանայինք, որ հինգերորդ էներգաբլոկը դառնա երկրի էներգետիկ համակարգի մի մասը։ Սակայն «Գազպրոմի» հետ պայմանագրով ընկերության բոլոր ներդրումները պետք է ունենան 9 տոկոս եկամտաբերություն։ Կայանի կառուցումը շատ լուրջ ներդրում է, բայց այն եկամտաբերություն չի երաշխավորում։ Սա է խնդրի էությունը, ուստի հարցը դեռևս օրակարգում է»,- նշել է փոխվարչապետը։
Գրիգորյանի խոսքով՝ այդ հարցի լուծումը հնարավորություն կտա զգալիորեն կայունացնել երկրում գազի գնի հետ կապված իրավիճակը։