Մարզային հետաքրքիր և հագեցած ճամփորդությունից հետո «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը վերջապես հանգրվանեց Երևանում՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի՝ նոր շունչ ստացած սրահներում: Ֆրանսիական կերպարավեստի հայկական արմատներով երկու հսկաների՝ Գառզուի և Ժանսեմի գրաֆիկական աշխատանքների ցուցադրությունն իրականացնում է Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը՝ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում՝ Մշակույթի նախարարության մրցութային դրամաշնորհով և Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ՝ վերստին ընդգծելով հայ-ֆրանսիական բազմակողմ բերակամության ամուր հենքը:
Գիյոմ Նարժոլե (ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի հարցերով խորհրդական) - Ե՛վ Գառզուն, և՛ Ժանսեմը՝ երկուսն էլ հայ էին, որոնք հետագայում ֆրանսիացի դարձան՝ պահպանելով իրենց հայկական ինքնությունը: Հայեցիությունը նրանց էությունն է, իսկ Ֆրանսիան՝ այն պետությունը, որը նրանց ինքնարտահայտման հնարավորություն տվեց: Եվ հենց սա է հայ-ֆրանսիական բարեկամության ողնաշարը, այսպես է ծնվում մշակութային փոխգործակցությունը:
Այս նախագծում հատկապես կարևորվել են մշակութային ապակենտրոնացման և կրթական բաղադրիչները, քանի որ Երևանից բացի՝ այն մեծ հաջողությամբ ներկայացվել է նաև Գյումրիում ու Վանաձորում և ուղեկցվել է «Մենատիպ և խառը տեխնիկա. ստեղծագործենք միասին» թեմայով աշխատարանով, որին մասնակցել է 8 տասնյակ պատանի: Ընդհանուր առմամբ, մարզային միջոցառումներին մասնակցել է 2500 ավելի այցելու:
Աստղիկ Մարաբյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ) - 30 ստեղծագործություն Գառզուից և ևս 25-ը՝ Ժանսեմից. Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանն ընդգծում է՝ հսկայական աշխատանք է տարվել մեծ նկարիչների ճանաչելիությունն ավելի ընդլայնելու համար: Ցուցադրությունը ներառում է նաև հեղինակների՝ մինչև օրս չցուցադրված գործեր:
Նունե Ավետիսյան (Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն) - Երևանյան փուլում նախագիծը հանգրվանել է «Առնո Բաբաջանյան» համերգասրահի վերաբացված և վերաիմաստավորված ճեմասրահներում: Մեր օրերում համերգասրահը դադարել է զուտ համերգային հարթակ լինելուց և անհամեմատ ընդլայնել է գործունեության սահմանագիծը:
Արմեն Մանասյան (Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր պրոդյուսեր) - Նախագծի շրջանակում հրատարակվել է նաև ցուցահանդեսի երկլեզու՝ հայերեն և ֆրանսերեն պատկերագիրքը: Հոկտեմբերի 17-24-ը արվեստասերները կարող են վայելել արվեստների մայրաքաղաքում հաղթանակած երկու մեծերի կտավների՝ առ այսօր չմարող հմայքը: