Փարաքար և Թաիրով համայնքներում միանգամից երեք սուբվենցիոն ծրագիր է իրականացվում: Բարեկարգ փողոցներ խոստացողները տարիներ շարունակ փոսալցումներ են արել, գլաքարով ու ավազով տեղ-տեղ փակել խոռոչները, և դրանով խոստումը համարել կատարած: Ավելի քան կես դար ասֆալտի երես չտեսած համայնքներում վերջապես շինարարական բում է:
Մարգար Մարգարյան (Թաիրով համայնքի բնակիչ) - Թոռս դուրս էր գալիս՝ ընկնում կանալիզացիայի ջրի մեջ, հիմա ասֆալտով կքայլի: Վաթսուն տարվա մեջ առաջին անգամ ասֆալտ է արվում:
Դավիթ Մինասյան (Փարաքար համայնքի ղեկավար) - Ունենք ասֆալտապատման աշխատանքներ Փարաքարի և Թաիրովի փողոցներում: Ընդհանուր 1700 գծամետր, որի 70 տոկոսը համայնքի, 30-ը՝ պետբյուջեի միջոցներով:
Ասֆալտից առավել բնակիչներին անհանգստացնում են քայքայված կոյատարները: Դրանց պատճառով դիտահորերն անընդհատ խցանվել են՝ փողոցները հեղեղել կեղտաջրերով: Գարշահոտն էլ մի կողմից է անհարմարություններ ստեղծել. մարդիկ չեն կարողացել դուռ ու լուսամուտ բացել:
Անլուծելի թվացող խնդիրը ևս ներառվել է սուբվենցիոն ծրագրում: Մի քանի փողոցում կոյատարը նորոգվում, որոշներում նորն է կառուցվում: Պետությունը կոյատարների հիմնանորոգման և կառուցման ծրագրին մասնակցում է 55, իսկ համայնքը՝ 45 տոկոս համաֆինանսավորմամբ:
Դավիթ Մինասյան - Ունենք նաև լուսավորության սուբվենցիոն ծրագիր Փարաքարի մի քանի փողոցում:
50/50 փոխգործակցությամբ էլ ընդլայնվել է արտաքին լուսավորության ցանցը: Համայնքի երեք՝ ամենաերկար փողոցներում գիշերներն արդեն պայծառ են: Լուսավորված թաղամասերի բնակիչները մինչև կեսգիշեր տուն չեն մտնում:
Ծրագրով 33 նոր հենասյուն և 72 լեդ լամպեր են տեղադրվել: Եվս 39 հենասյուն վերազինվում է: