Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի տարածման 5-րդ ալիքը՝ դեպքերի առավել բարձր ցուցանիշով։ Այս մասին տեղեկացրել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն՝ կարևորելով բնակչության ակտիվ պատվաստումը և հակահամաճարակային կանոնների պահպանումը՝ գրում է Aliq.ge-ն։
Գամկրելիձեն միևնույն ժամանակ նշել է, որ չնայած համաճարակաբանական ծանր իրավիճակին՝ դպրոցները հեռավար ուսուցման չեն անցնի։ Նա նաև հավելել է, որ եթե ուսուցիչների և ծնողների 80%-ը պատվաստվեն, դպրոցներում առկա ռեժիմով դասերի անցկացումը վտանգ չի ներկայացնի։
Հոկտեմբերի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 479 նոր դեպք, երեկ վարակակիրների թիվը հասել էր 4 581-ի: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 664 813-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 2 374 պացիենտ, մահացել՝ 42 մարդ: Կորոնավարակից մահերի ընդհանուր թիվը 9 510 է: