2021 թ. հոկտեմբերի 15-ին Տավուշի մարզի բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ եղբայրը, իրեն պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով, հոկտեմբերի 13-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, տնից դուրս է եկել և դեռևս չի վերադարձել։
Մեկ օր անց 65-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է Վազաշեն գյուղին հարակից անտառամիջյան հատվածում՝ «Կրծքավանդակի ձախ կեսի շրջանում ծակած վերք, աջ կոպի արյունազեղում, վերին շրթունքի աջակողմյան հատվածի թափանցող վերք և գլխի շրջանի փափուկ հյուսվածքների բացակայություն» մարմնական վնասվածքներով։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանություն) 1-ին մասի հատկանիշներով: Կազմվել է քննչական խումբ:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, տղամարդու մահվան պատճառը պարզելու ուղղությամբ: