Վրաստան ժամանած Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն իր դիրքորոշումն է հայտնել Անդրկովկասի համար « +3» ձևաչափ ստեղծելու առաջարկին՝ գրում է РИА Новости-ն:
«Ինչ վերաբերում է «3+3» ձևաչափին, ապա ... ճիշտ կլինի, որ Ռուսաստանը հարգեր 2008-ի հրադադարի պայմանագրի պայմանները՝ նախքան նոր հարթակների մասին խոսելը»,- ասել է Օսթինը Թբիլիսիում՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյոք Վրաստանի մասնակցությունն այս ձևաչափին կազդի՞ նրա եվրաատլանտյան ինտեգրմանը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ կողմերը քննարկել են «3+3» ձևաչափի ստեղծման հնարավորությունը: Լավրովը նշել էր, որ Իրանը, Թուրքիան և Ադրբեջանը դրական վերաբերմունք ունեն այդ նախաձեռնության նկատմամբ, հայկական կողմի հետ բանակցություններ են ընթանում, ինչպես նաև հույս էր հայտնել, որ Վրաստանն էլ շահագրգռվածություն կցուցաբերի Կովկասի զարգացման վերաբերյալ խորհրդակցություններն ու որոշումները համաձայնեցնելու համար մեխանիզմ ստեղծելու հարցում: Հոկտեմբերին Վրաստանի ԱԳՆ-ն հերքել է «3+3» ձևաչափին երկրի հնարավոր մասնակցության վերաբերյալ լուրերը: