Պատերազմից հետո զենքը վայր դրել, հիմա գրեթե միշտ համակարգիչն է ուսին: 32-ամյա արցախցի Սևակը իր հայրենի Մարտունին պաշտպանելիս վիրավորվեց: Հիշում է՝ հրաշքով է փրկվել, բայց 3 վիրահատությունից հետո բժիշկներն ասել էին՝ ոտքի չի կանգնի:
Սևակ Մովսիսյան - Ես էլ որ սկզբում սովորում էի, դժվար էր, բայց չէի մտածում, որ թողնեի, ու էղել է, որ վիրահատությունից հետո մտել եմ դասի: Հույսը միշտ էլ կար. ես վստահ էի, որ ոտքի եմ կանգնելու, ու որոշեցի, որ եթե անգամ ոտքի չկանգնեմ, աշխատանք պիտի գտնեմ. որոշեցի նորից ծրագրավորում սովորեմ: Պատերազմից հետո որոշեցի, որ իմ մասնագիտությամբ սկսեմ աշխատել:
Մասնագիտությամբ ծրագրավորող է, բայց երկար տարիներ չէր աշխատել: Learning Mission-ի դասընթացներին մասնակցեց ու ընդամենը 1 ամսում ծրագրավորման Java լեզուն սովորեց, ու դասերն ավարտելուց հետո հիմա «Դիսքո» ընկերությունում է փորձաշրջան անցնում: Տեխնոլոգիական կրթությունը զարգացնելու համար «Դիսքոյի» թիմից էլ ասում են՝ սոցիալական պատասխանատվություն է իրենց համար. տարբեր կրթական կազմակերպությունների հետ գործակցում են, հետպատերազմյան ու հետքովիդյան շրջանում առցանց ձևաչափը լավագույնն է նաև, որ մարզերում ապրողների համար ստեղծեն հնարավորություն՝ ցանկացած տեղից մեծ ընկերության մասնիկը դառնալ:
Աննա Վարդանովա (առաջատար ծրագրավորող) - Ես ուզում էի օգնել, ինչ-որ պոզիտիվ ներդրում ունենալ, կրթական ծրագրեր էին բացվում, դրանցից մեկը լըրնինգ միշընն էր, ու դրանցից մեկը ունեցավ շրջանավարտներ, դրանցից մեկը Սևակն էր:
Մինչև իր վերքերը սպիանան՝ Սևակն ասում է՝ իր զոհված ընկերների հիշատակն է ստիպում նպատակասլաց լինել...
Սևակ Մովսիսյան - Պետք է ինչ-որ մի բան անենք, որ իրենց կորուստը վերադարձնենք, ու դա անենք կրթվելով: Ու ինձ թվում է, որ պատերազմը, որ էս ընթացքով գնաց, նաև էն պատճառով էր, որ մեր կրթությունը ցածր մակարդակի վրա էր:
Բուժման ընթացքին դեռ երկար ժամանակ կա, դրանից 3 ամիսը փորձաշրջան կանցնի «Դիսքոյում», որն այս տարի կրկին աննախադեպ՝ 85 միլիոն դոլար ներդրում ստացավ:
Հարություն Բաղդասարյան (ընկերության տեխնոլոգիական թիմի տնօրեն) - Հիմա ավելի շատ հնարավորություններ ունենք փորձարկումներ անելու, ավելի շատ տաղանդների ներառելու, սկզբնական փուլում մենք ժամանակ և գումար ունենք, որ կրթենք և մեր թիմի մաս սարքենք: Դա այն ճոխությունն է, որ կարելի է թույլ տալ Բի սերիայի ներդրումների դեպքում: Մենք հիմա շատ թափուր աշխատատեղեր ունենք ոչ միայն տեխնոլոգիական մասնագիտություններով: Մարդիկ են պետք ավելի օփորեյշնլ գործունեության հետ:
Այսպես երևանյան մասնաճյուղն այս տարի մտադիր է 100 աշխատակից ունենալ: