Վերականգնվել է Արմավիրի մարզի Նորապատ բնակավայրից դեպի Մրգաշատ տանող ավտոճանապարհի (Հ-15 /Մ-5/ (Նորապատ) - Արգավանդ - /Մ-3/ (Վարդանաշեն) կմ 1+300 հատվածում գտնվող կամուրջը։ Նշված ճանապարհը նորոգվել էր մոտ երկու տասնամյակ առաջ և այժմ անբարեկարգ վիճակում է։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից:
Տարիների ընթացքում քայքայվել էին ճանապարհի 1.3-րդ կիլոմետրի վրա գտնվող կամրջի բետոնե պանելները, առաջացել էին նստվածքներ, և փոսային նորոգումներով ու ընթացիկ սպասարկման աշխատանքներով հնարավոր չէր վերացնել առկա թերություններն ու ապահովել անվտանգ երթևեկություն։
Նշված ճանապարհը սպասարկող «Արմավիր ճանշինվարպետ» ՓԲԸ կողմից ճանապարհի ընթացիկ պահպանման և սպասարկման շրջանակներում երթևեկելի մասում փոխվել են կամրջի 3 պանելները, տվյալ հատվածում կատարվել են բետոնապատման և երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։
Այս աշխատանքներն իրականացվել են ճանապարհի անցանելիությունն ու երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով, իսկ ճանապարհի տարբեր հատվածներ ներառված են 2022 թ. հիմնանորոգման ծրագրերում։