Ռուսաստանը դադարեցնում է իր մշտական ներկայացուցչության աշխատանքը Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ինչպես նաև Մոսկվայում դաշինքի ռազմական առաքելության գործունեությունը: Այս մասին հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ նոյեմբերի 1-ից հանվում է աշխատակիցների հավատարմագրումը՝ հայտնում է Eueonews-ը:
«ՆԱՏՕ-ն շահագրգռված չէ հավասար երկխոսությամբ կամ համատեղ աշխատանքով: Եթե այդպես է, ապա մենք հարկ չենք համարում ձևացնել, թե տեսանելի ապագայում ցանկացած փոփոխություն հնարավոր է, քանի որ ՆԱՏՕ-ն արդեն հայտարարել է նման փոփոխությունների անհնարինության մասին: ՆԱՏՕ-ի կողմից նպատակաուղղված քայլերի արդյունքում մենք չունենք տարրական դիվանագիտական գործունեության պայմաններ»,- ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգել Լավրովը:
Որոշումը Մոսկվայի պատասխանն էր Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ռուսական ներկայացուցչության թվի նվազեցմանը: Դաշինքը Ռուսաստանին թույլ է տվել պահպանել դիվանագիտական առաքելության 20 պաշտոնյայից 10-ին՝ որոշ դիվանագետների պիտակավորելով որպես հետախուզության աշխատակիցներ: