Երևանում այսօր մեկնարկել է հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումը: Համավարակի պատճառով 2018 թվականից հետո միջոցառումը չէր անցկացվել:
Տևական դադարից հետո ֆորումի մասնակիցները կրկին հնարավորություն են ունեցել քննարկել Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական գործակցության հարցեր:
Երևանը և Մոսկվան տնտեսական գործակցությունը զարգացնում են ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության ձևաչափով: Մշակութային տուրիզմից մինչև ազատ տնտեսական գոտիներ:
Մասնակիցները համոզված են, որ համաժողովի աշխատանքը թույլ կտա կյանքի կոչել բիզնես-ծրագրեր:
Արմեն Եգանյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ) - Կոնկրետ պրոյեկտների մասին խոսեցի, հնարավորությունների մասին: Իհարկե, դեռևս կարելի է ասել, որ դրանց կիրառության մակարդակը բավարար չէ, բայց դեպքեր կան, որոնք արդեն իսկ իրականանում են:
Պետք է ինտենսիվ աշխատանքներ տանել, որպեսզի դրանք ավելի էֆեկտիվ կյանքի կոչվեն:
Անդրեյ Շպիլենկո (Ռուսաստանի զատ տնտեսական գոտիների ասոցիացիայի նախագահ) - Նմանատիպ համաժողովները նրա համար են, որպեսզի կողմերը համաձայնեցնեն դիրքորոշումները, գտնեն մարդկանց, շահագրգռված գործարարների, որոնք պատրաստ են ներդրումներ անել:
Ներդրումներ կատարելու որոշումից առաջ միշտ պետք է բիզնեսին ցույց տալ այն մեխանիզմները, որոնք իրենց ձեռնտու են: Այս քննարկումների ընթացքում մենք մշակեցինք միասնական մոտեցումներ ներդրումներ ներգրավելու առումով»: