Վերանորոգումից առաջ Հրազդանի 5-րդ մանկապարտեզն այս տեսքն ուներ: Այսպիսին է մանկապարտեզն այսօր: Կառուցումից 50 տարի անց առաջին անգամ հիմնանորոգված մանկապարտեզն այսօր ընդունեց փոքրիկներին:
Սևակ Միքայելյան (Հրազդան համայնքի ղեկավար) - Մանկապարտեզը գտնվում էր վթարային, ոչ բարեկարգ, անմխիթար վիճակում, շենքը երկու կողմից բացվածք ուներ: Մանկապարտեզն ուներ նաև տանիքի հետ կապված խնդիր, պատուհանների հետ կապված խնդիր, շենքը վթարային էր, ջեռուցում գոյություն չուներ:
Վերջին տարիներին համայնքում գործող 12 մանկապարտեզի բազմաթիվ խնդիրներից որոշները լուծվել են, դրանցից գրեթե կեսում փայտե վառարաններին փոխարինել են ջեռուցման կաթսաները: Իսկ 5-րդ մանկապարտեզն ամբողջությամբ վերանորոգվել է բարերարների աջակցությամբ:
Վահագն Թադևոսյան (բարերար) - Ցանկացա համայնքին, Հրազդան քաղաքին իմ բարեգործությունն անել ու վերանորոգել այս անմխիթար վիճակում գտնվող մանկապարտեզը, որը, կարծում եմ, շատ կարևոր է երկրի զարգացման համար
Մանկապարտեզի հիմնանորոգումը տևել է 2 տարի, արժեցել՝ 75 միլիոն դրամ, իսկ գույքը՝ 15 մլն դրամ, որը ևս ձեռք է բերվել բարերարների աջակցությամբ:
Անահիտ Քալանթարյան («Էֆ-Սի-Էն» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն) - Գույքի քանակը չնայած շատ մեծ էր, գումարային էլ մեր կազմակերպության համար ահագին մեծ գումար էր կազմում, մենք հովանավոր գտանք:
Հրազդանում նախակրթարանի տարիքի 1500-ից ավելի երեխա կա: Նրանցից 150-ն արդեն այս մանկապարտեզի սան է: Մանկապարտեզի առաջին օրը որոշ փոքրիկների համար տխուր, որոշների համար էլ ուրախ օր է:
Լիլիթ Մեսրոպյան (Հրազդանի թիվ 5 մանկապարտեզի տնօրեն) - Նախկինում աննկարագրելի վիճակ է եղել, աննկարագրելի. մանկապարտեզը գտնվում է բավականին բարվոք վիճակում, մենք այստեղ ոչ մի անելիք չունենք:
Այս պահին սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են համայնքի համար 4 մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները:
Սևակ Միքայելյան - Այժմ աշխատանքներն ընթանում են, եղանակային պայմանները եթե լավ լինեն, վստահ եմ, այս տարի կվերջացնեն աշխատանքները:
Հերթում համայնքի մյուս մանկապարտեզներն են: Դրանք էլ պետության աջակցությամբ կդառնան հարմարավետ ու բարեկարգ այն հաստատություններից, որտեղ երեխան սիրով է հաճախելու, ինչպես այս մանկապարտեզ: