Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս-հայկական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում նշել է, որ երկու երկրի միջև ստեղծվել է բովանդակալից երկխոսություն և տարբեր ուղղություններով արդյունավետ գործակցություն: Ուղերձի տեքստը հրապարակվել է Կրեմլի կայքում: «Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բազմադարյա ավանդույթների վրա, իսկապես դաշնակցային են: Ռուս-հայկական կապերի զարգացման գործում մեծ դեր ունի միջտարածաշրջանային գործակցությունը, որը թույլ է տալիս իրականացնել փոխշահավետ նախագծեր տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային, մարդասիրական և բազմաթիվ այլ ոլորտներում»,- ասված է ուղերձում: Պուտինը հույս է հայտնել, որ համաժողովը մեկնարկ կտա նոր նախաձեռնությունների, որոնք կաջակցեն ռուս-հայկական արդյունավետ գործընկերության ամրապնդմանը, ինչպես նաև ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը եվրասիական տարածքում:
*****
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի հետ: Նրանք քննարկել են աշխարհի տարբեր տարածաշրջաններում ճգնաժամերի կարգավորման հարցեր՝ ներառյալ հումանիտար իրավիճակը Սիրիայում, Աֆղանստանում, Մյանմարում, ուկրաինական և Ղարաբաղյան հակամարտությունների գոտիներում: Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ գործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
*****
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան: «ԵՄ-ն պետք է իր գործընկերների հետ աշխատի Հարավային Կովկասում բարգավաճման և խաղաղության համար»,- գրել է Կլաարը Թվիթերում: Կլաարը Հայաստան էր այցելել սեպտեմբերին:
*****
Բաքուն համարժեք կպատասխանի սահմանազատման հարցում Հայաստանի դրական քայլերին՝ այսօր Կատարի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Ադրբեջանը հանդես է գալիս հետկոնֆլիկտային շրջանում Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման օգտին՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա»,- ասել է նա:
*****
Հայաստանը և Իրանը կգործակցեն Արաքս գետի աղտոտվածությունն ուսումնասիրելու հարցում: Հայտարարել է Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին, որը նախորդ շաբաթ աշխատանքային այց էր կատարել Հայաստան: Իրանի պետական ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Մոնթազերին նշել է, որ Հայաստան կատարած այցի օրակարգի առանցքային հարցերից մեկը եղել է Արաքս գետի աղտոտվածության հարցը: Հայկական կողմի հետ հանդիպումներում որոշվել է ստեղծել հատուկ հանձնաժողով, որն ուսումնասիրելու է գետի աղտոտվածությունը: «Արաքս գետը կարևոր է երկու երկրի համար, և մենք հետևողական ենք լինելու խնդրի կարգավորման հարցում»,- ասել է Իրանի գլխավոր դատախազը։
*****
ՀԱՊԿ զորավարժություններ են մեկնարկել Տաջիկստանի հարավում: Տաջիկստանի պաշտպանության նախարարության մամուլի կենտրոնի ղեկավար, գնդապետ Ֆարիդուն Մախմալիզոդին հայտնել է, որ հոկտեմբերի 18-23-ը «Մարտական եղբայրություն-2021» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների շրջանակում կանցկացվեն «Էշելոն-2021» հատուկ վարժանքները, «Որոնում-2021» և համատեղ «Փոխազդեցություն -2021» զորավարժությունները: Աֆղանա-տաջիկական սահմանի մոտ վարժանքները կանցկացվեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինծառայողների մասնակցությամբ:
*****
2022թ․ ընթացքում Իսպանիան դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Երևանում։ Հայտարարել է Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարեսը։