Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոնին:
Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ նրա գործունեությունը նպաստելու է Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը:
ԱԺ նախագահն ընդգծել է Ֆրանսիայի հետ բազմոլորտ փոխգործակցությունը՝ հավելելով, որ անձամբ պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը այդ հարաբերությունների խորացման և դինամիկ զարգացման գործում: Այս համատեքստում նշվել է նաև Ֆրանսիայի հայ համայնքի դերակատարությունը, որը յուրահատուկ կամուրջ է հայ-ֆրանսիական բազմաբևեռ գործակցության հարցում:
Ալեն Սիմոնյանը երախտագիտությամբ հիշատակել է Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատների կողմից Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բազմաթիվ բանաձևերն ու կոչերը և արդեն իսկ թվով չորրորդ պատվիրակության՝ Հայաստան և Արցախ այցելությունը:
ԱԺ նախագահը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական ու արդարացի լուծումը և Արցախի՝ ինքնորոշման իրավունքի վրա հիմնված կարգավիճակի ճանաչումը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների խորհրդարանների գործունեությանը, որոնք կարևոր դեր են խաղում Հայաստանի ու Ֆրանսիայի միջև քաղաքական երկխոսությունը զարգացնելու և հարստացնելու գործում:
Ֆրանսիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ շեշտելով, որ Ազգային ժողովը համարվում է ժողովրդավարության կենտրոն: Նա պատրաստակամություն է հայտնել հետագա գործունեությամբ նպաստելու ԱԺ-ի հետ ձևավորված ամուր համագործակցության խորացմանը: