Թուրքիան պատրաստ է քննարկել ռուսական Սու-35 և Սու-57 ինքնաթիռներ ձեռք բերելու հնարավորությունը, եթե Անկարայի և Վաշինգտոնի հետ համաձայնություն ձեռք չբերվի ամերիկյան կործանիչների մատակարարման հարցում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը՝ հայտնում է ТАСС-ը:
«Եթե F-35-ի հետ կապված իրավիճակից հետո ԱՄՆ-ը չհաստատի F-16-ի գործարքը, Թուրքիան չի մնա առանց այլընտրանքային տարբերակների: Ցանկացած պահի կքննարկվեն Սու-35 և Սու-57-ի վերաբերյալ թեմաները»,- ասել է Իսմայիլ Դեմիրը:
Նախագահ Թայիփ Էրդողանը մեկ օր առաջ հայտնել էր, որ ԱՄՆ-ը կարող է Թուրքիային վաճառել F-16-ը՝ F-35-ի նախագծից Անկարային բացառելու որոշումից հետո:
Ավելի վաղ Reuters-ը տեղեկացրել էր, որ Թուրքիան ԱՄՆ-ին է դիմել 40 F-16 կործանիչներ գնելու, ինչպես նաև մի քանի տասնյակ ինքնաթիռի արդիականացման խնդրանքով: