Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել ապօրինի ծագման գույքի բռնագանձման առաջին հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ:
Այն վերաբերում է Սերոբ Հարությունյանին և նրա հետ փոխկապակցված անձանց:
Հարությունյանն աշխատել է որպես ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման և վերահսկման բաժնի պետ, դրանից առաջ էլ զբաղեցրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը, եղել է նաև Կոտայքի մարզի ոստիկանապետ:
Դատախազության հաղորդագրությամբ՝ Հարությունյանն ապօրինի ձեռք է բերել մի քանի բնակարան, ավտոմեքենա ու կուտակել միլիոնավոր դրամներ:
Իրավասու մարմինը պահանջ է ներկայացրել դատարան Սերոբ Հարությունյանից և Անուշ Անտոնյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
-
Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 187.250.000 ՀՀ դրամ.
-
Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող ավտոկայանատեղին, իսկ անհնարինության դեպքում բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 6.000.000 ՀՀ դրամ.
-
Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող ավտոկայանատեղիի 97.6 տոկոսը, իսկ անհնարինության դեպքում բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 5.880.400 ՀՀ դրամ:
Սերոբ Ռազմիկի Հարությունյանից բռնագանձել՝
-
Երևան քաղաքի Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից ստացված գումար՝ 8.000.000 ՀՀ դրամ.
-
«BMW X6 3.5 I» ավտոմեքենայի օտարման և «PORSCHE PANAMERA S 4.8» մակնիշի ավտոմեքենայի ձեռքբերման արժեքների տարբերություն՝ 1.000.000 ՀՀ դրամ.
-
«BMW X6 XDRIVE 3.5 I» մակնիշի ավտոմեքենայի ապօրինի ծագում ունեցող մասի օտարման արժեք՝ 990.000 ՀՀ դրամ.
-
«Օրանժ գազ» ՍՊ ընկերության բաժնեմասի օտարման արժեքի 50 տոկոսը՝ 215.707.500 ՀՀ դրամ.
-
14.361.672 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով:
Հարություն Սերոբի Հարությունյանից, որպես Սերոբ Ռազմիկի Հարությունյանին պատկանող գույքեր, բռնագանձել՝
-
Երևան քաղաքի Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի 40 տոկոսը, իսկ անհնարինության դեպքում բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 34.700.000 ՀՀ դրամ.
-
«PORSCHE PANAMERA S 4.8» մակնիշի ավտոմեքենան, իսկ անհնարինության դեպքում բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 11 250 000 ՀՀ դրամ:
Առաջիկայում վարչության կողմից այլ գործերով, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, կներկայացվեն նաև ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ։