Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Պատիվ ունեմ» դաշինքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի շտաբի պետ Գևորգ Նավոյանի գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը ինքնաբացարկ է հայտնել: Նավոյանը, հիշեցնենք, մեղադրվում է քարոզարշավի ընթացքում ընտրող Անահիտ Գրիգորյանին կաշառք տալու համար: Գրիգորյանը ևս այս գործով մեղադրյալ է:
Գևորգ Նավոյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավորին՝ հիմնավորմամբ, թե գործը Մարտիրոսյանին մակագրվել է այբբենական կարգի խախտմամբ: Ըստ պաշտպանական կողմի՝ խախտման փաստն ընդունել է նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարը:
Դատարանը թեև արձանագրել է, որ մակագրման կարգի խախտում տեղի չի ունեցել, սակայն կասկածները փարատելու համար և արդարադատության շահը հաշվի առնելով՝ հայտնել է ինքնաբացարկ: Այս գործը, այդ թվում՝ Նավոյանի խափանման միջոց կալանքի հարցը, կքննվի նորից:
Նավոյանն ու Գրիգորյանը չեն ընդունում մեղադրանքը, նրանցից միայն Նավոյանն է կալանավորված: Գրիգորյանի դեպքում, որպես խափանման միջոց, կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան