ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի շահերի ներկայացուցիչն առաջինը հակադարձեց ադրբեջանական հայտարարություններին: Նա ընդգծեց, որ Ադրբեջանի հայցը դուրս է ռասսայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի պահանջներից, և ամբողջապես կազմված է կեղծ հիմնավորումներից՝ զոհի տապավորություն ստեղծելու համար:
Եղիշե Կիրակոսյան, ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում ՀՀ շահերի ներկայացուցիչ - Ամեն անգամ, երբ Հայաստանն ահազանգում էր ատելության խոսքի, մշակութային ժառանգության ոչնչացման մասին և ներկայացնում հայցեր, Ադրբեջանն անմիջապես հակադարձում էր՝ նույնանման հայցով: Ադրբեջանը հայցի մեջ նշել է Խոջալուի դեպքերի մասին՝ շինծու մեղադրանքներով: Ես կարող եմ խոսել Սումգայիթի, Գանձակի, Բաքվի, Մարաղայի կոտորածների մասին, սակայն դեռևս դրա ժամանակը չի եկել:
Եղիշե Կիրակոսյանն անդրադարձավ նաև ականապատ տարածքների քարտեզների վերաբերյալ Ադրբեջանի պահանջներին, հիշեցրեց, որ հենց Ադրբեջանն է 90-ականներին հարյուր հազարավոր ականներ տեղադրել բազմաթիվ տարածքներում, և տասնամյակներ շարունակ մերժել ականազերծման աշխատանքն ավարտին հասցնելու՝ հայկական կողմի մարդասիրական նախաձեռնությունները:
Եղիշե Կիրակոսյան - Հայաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ՝ քննարկելու նաև ականապատ տարածքների հարցերը: Հայաստանն արդեն Ադրբեջանին է տրամադրել ականապատ տարածքների քարտեզներ: Մարդասիրական հարցերը կարգավորելու շրջանակում մենք ևս մեկ անգամ պատրաստակամություն ենք հայտնում տրամադրելու այն տարածքների ականապատման քարտեզները, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի Զինուժի թիկունքում: Հայաստանը նման առաջարկ արել է՝ չնայած չկա որևէ իրավական պարտավորություն:
Հայաստանն Ադրբեջանի կամ Արցախի տարածքում չի ականապատում որևէ տարածք՝ ադրբեջանական պնդումներին հակադարձեց Եղիշե Կիրակոսյանը: Ադրբեջանը ոտնձգություն է կատարել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ այնտեղ տեղակայելով իր զինծառայողներին՝ Հաագայի դատարանում հայտարարեց Կիրակոսյանը:
Եղիշե Կիրակոսյան - Ադրբեջանի զինուժը շարունակում է գնդակոծել Հայաստանի և Արցախի խաղաղ բնակավայրերը: Չնայած Ադրբեջանը չհիմնավորված կեղծ պնդում է ներկայացրել, թե Հայաստանն Ադրբեջանի հանդեպ ատելության խոսք տարածելու խմբեր է ստեղծել, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է առաջ մղել տարածաշրջանում խաղաղության դարաշրջանի մեկնարկի գաղափարը, որը նաև ընդգրկված է Կառավարության ծրագրում: Մեր իրավախորհրդատուները ներկայացրեցին Ադրբեջանի նախագահի հայատյաց և վիրավորական արտահայտությունները հայերի նկատմամբ: Ադրբեջանի հայցում Հայաստանի որևէ պետական պաշտոնյայի կողմից հնչած հակաադրբեջանական արտահայտություն ներառված չէ:
Արդարադատոթյան միջազգային դատարանում Հայաստանի շահերի ներկայացուցչը հայտարարեց՝ Հայաստանը չի խրախուսում որևէ պաշտոնյայի կողմից ռասայական խտրականություն պարունակող հայտարարությունները և լրջորեն է վերաբերվում Կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին: