Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր նաև Հանրային հեռուստաընկերությունում էր ստուգայցի: Տեսուչները տեղում ծանոթացել են հակահամաճարակային կանոնների պահպանմանը՝ աշխատասենյակներում աշխատակիցների քանակին, օգտագործվող ախտահանիչ նյութերի բաղադրությանը, նաև աշխատակիցների պատվաստման ու թեստավորման գրանցամատյաններին:
Տեղեկացել են, որ Հանրային հեռուստաընկերության աշխատակիցների 55 տոկոսից ավելին արդեն պատվաստված է, պատվաստվողների թիվն անընդհատ ավելանում է: Հետաքրքրվել են նաև, թե արդյոք կան պատվաստման հակացուցումներ ունեցող աշխատակիցներ:
Նազելի Նիկողոսյան, Հանրային հեռուստաընկերության աշխատակազմի ղեկավար - Կորոնավիրուսով վարակման դեպք ունեցել ենք: Այս պահին գտնվում են և՛ հիվանդանոցում, և՛ տանը: ՀՎԿԱԿ-ից մեզ զանգում են, տեղյակ են պահում, եթե աշխատակիցը նույնիսկ չի հասցնում մեզ տեղեկացնել, ՀՎԿԱԿ-ից շատ արագ տեղյակ են պահում: Կոնտակտավորների ցանկը պարզում ենք և հնարավորության դեպքում մեկուսացնում ենք:
Դավիթ Մարտիրոսյան, ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության և իրավական վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ - Դեռևս առաջին ստուգայցն էր, ընդհանուր առմամբ՝ համեմատած մյուս ստուգայցերի՝ բավական բարվոք վիճակում էր: Թերություններ, իհարկե, կային, բայց չնչին, օրինակը մակնշումը. ալկոգելի վրա մակնշված չէր, շտկվեց մեր ներկայությամբ, բոլոր կարգերը պահպանվում էին: