Տիկին Անահիտը եկել էր ոչ թե որդու, այլ դստեր զինվորական երդմանը մասնակցելու: Հիմա հպարտ է, իսկ ամիսներ առաջ, երբ Մանանան հայտարարեց, որ ուզում է սպա դառնալ, ընտանիքն ընդվզեց:
Անահիտ Հակոբյան, ծնող - Փորձել ենք հետ պահել, բայց ինքն այնքան մեծ ցանկություն ուներ, որ ոչ մեկիս չլսեց ու հիմա չենք փոշմանել:
Մանանա Հակոբյան, կուրսանտ - Նպատակն ավելի ուժեղ էր:
Նպատակը բազմաթիվ պատանիների և աղջիկների է բերել Տիգրան Մեծ ռազմամարզական վարժարան: Հարյուրավոր սպաներ ռազմարվեստի նրբություններին այստեղ են ծանոթացել, այստեղից է մեկնարկել նրանց մարտական, շատերի համար նաև հերոսական ուղին: Այսօր էլ տիգրանականների հերթական՝ 26-րդ սերունդն է նոր էջ բացում իր կենսագրության մեջ. ապագա սպաները հայրենիքին անմնացորդ ծառայելու երդում են տալիս:
Տաթև Սուքիասյան, կուրսանտ - Պատերազմից հետո ընտրեցի այս մասնագիտությունը:
Շարքերը պետք է համալրվեն՝ ասում է հայրենիքի զինվորը: Տիգրանականներն էլ շատ զոհեր ու վիրավորներ ունեցան: Նրանց փոխարինել է պետք: Իսկ թե ինչ դժվարություններ են հաղթահարելու իրենց ընտրած գործում, գիտակցում են, պատրաստ են:
Դավիթ Հայրապետյան, կուրսանտ - Պատկերացնում եմ, բայց շատ չեմ մտածում, որովհետև ավելի շատ հայրենիքիս մասին եմ մտածում:
Երեմ Մուրադյան, կուրսանտ - Ծնողներս էլ էին ուզում, որ այստեղ սովորեմ:
Մի մասը գիտակցաբար, որոշները՝ հարազատների խորհրդով են ընտրել զինվորականի մասնագիտությունն ու հասկացել՝ չեն սխալվել: Շատերն էլ վարժարանում ստացած գիտելիքներով այլ հաստատություններ կգնան՝ ռազմական բարձրագույն կրթություն ստանալու:
Նարեկ Պետրոսյան, կուրսանտ - Այստեղ կավարտեմ, կգնամ Վ.Սարգսյան համալսարան, կդառնամ սպա:
Խտացել են նաև սպա դառնալ ցանկացող աղջիկների շարքերը: Էլոնան դիպուկահար է, կրակելիս ձեռքը չի դողում: Որոշումը հստակ է՝ ծառայելու է հայոց բանակում:
Էլոնա Մանուկյան, կուրսանտ - Սեռը կապ չունի, մենք բոլորս պարտք ունենք մեր հայրենիքի նկատմամբ, ես անձամբ որոշեցի իմ պարտքն այսպես արտահայտել՝ ռազմական ուղի ընտրելով:
Ուժեղ սերունդ է՝ կամային բարձր որակներով՝, ասում է 3 պատերազմ անցած գնդապետ Ղումաշյանը: Տիգրան Մեծ վարժարանի հիմնադիրը մեծ հույսեր է կապում հենց ա՛յս պատանիների հետ:
Կորյուն Ղումաշյան, Տիգրան Մեծ ռազմամարզական վարժարանի հիմնադիր տնօրեն - Գիտակցում ես՝ ուր ես ուղղորդում այս երեխաներին: Սա մեր երկիրն է, մենք պիտի լինենք այս երկրի տերը, որ երեխան հասկանա՝ իրեն ենք հանձնում այս երկիրը:
Տիգրանականների երդման արարողությունն ավարտվեց շարային վարժություններով ու համերգային զուսպ ծրագրով: