Տեղական ինքնակառավարման մարմինների երեկվա ընտրությանը, նախնական տվյալներով, մասնակցել է ընտրողների 33.23 տոկոսը: Ընտրություններ անցկացվեցին Հայաստանի 9 համայնքում. 6-ում՝ համամասնական, 3-ում՝ մեծամասնական ընտրակարգով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Տաթևում, ամենացածրը՝ Գյումրիում, թեև ընտրապայքարի մեջ էր 10 քաղաքական ուժ:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյան - Կարծում եմ, որ սա անակնկալ պասիվություն էր թե՛ ընտրությանը մասնակցողների համար, թե՛ գործընթացին հետևող սուբյեկտների համար: Մասնակցում էր 10 ուժ, և ենթադրվում էր՝ պետք է բավականին ակտիվ լինի, բայց արդյունքում Գյումրիում գրանցվեց շատ ցածր մասնակցություն:
Գյումրիում, ըստ նախնական արդյունքների, քվեարկել է ընտրողների 24.14 տոկոսը, Դիլիջանում՝ 44, Գորիսում՝ 50.25 տոկոսը, Տաթևում՝ 62.66, Տեղում՝ 60.64, Մեղրիում՝ 59.47 տոկոսը: Այս համայնքներում ընտրություններն անցկացվել են համամասնական ընտրակարգով: Քվեարկության արդյունքների վերջնական ամփոփումից հետո ձևավորված ավագանին իր կազմից կընտրի համայնքի ղեկավար:
Տիգրան Մուկուչյան - Մյուս երեք համայնքում տեղի էին ունենում մեծամասնական ընտրակարգով ընտրություններ, 3-ից 2-ում ընտրվում էր և՛ համայնքի ղեկավար, և՛ ավագանի, իսկ համայնքներից մեկում՝ միայն ավագանի:
Մեծամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվել Արմավիրի մարզի Ֆերիկ, արագածոտնի մարզի Շամիրամ և Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքներում: Այս գյուղերում ևս ընտրողները ակտիվ մասնակցություն չեն ցուցաբերել: Ֆերիկում քվեարկել է ընտրողների 28 տոկոսը, Շամիրամում՝ 25, ֆիոլետովոյում՝ 27 տոկոսը:
Տիգրան Մուկուչյան - Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, այն բոլոր համայնքներում, որտեղ, օրինակ, մրցակցություն չկա, ցածր մասնակցություն է արձանագրվում:
Շամիրամ համայնքի ղեկավարի միակ թեկնածուն՝ Մրազ Բրոյանը, ստացել է 129 ձայն, Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում առաջադրված 3 թեկնածուից ամենաշատ թվով ձայները ստացել է Ալեքսեյ Չիչյովը, իսկ Ֆերիկում ավագանի են ընտրել:
Համամասնական ընտրակարգով քվեարկության նախնական արդյունքները հետևյալն են.
Գյումրիում անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ: «Բալասանյան դաշինքը» ստացել է 9637 ձայն, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 7786, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը՝ 2793, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 1486, հանրապետական կուսակցությունը՝ 1343 ձայն։
Գորիսում, նախնական տվյալներով, հաղթել է «Առուշ Առուշանյան» դաշինքը՝ ստանալով 6269 ձայն։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 3568, «Հայ ազգային կոնգրեսը»՝ 282 ձայն: Տաթևում առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 1280 ձայնով: «Շանթ» դաշինքը ստացել է 949, «Ապրելու երկիրը»՝ 337 ձայն։ Տեղ համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 1501 ձայն, «Ապրելու երկիրը»՝ 806 ձայն:
Մեղրիում առաջատարը «Հանրապետություն» կուսակցությունն է՝ 2133 ձայնով։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 1637 ձայն, «Ազատական» կուսակցությունը՝ 716, «Ապրելու երկիրը»՝ 487 ձայն։
Դիլիջանում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 4591, «Ապրելու երկիրը»՝ 1927, «Քաղաքացու որոշումը»՝ 605, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 514, «Հայրենիքը»՝ 219 ձայն։
Այսպիսով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» առաջատար է Տեղ, Տաթև և Դիլիջան համայնքներում, Գորիսում քվեների մեծամասնությունը ստացել է «Առուշանյան» դաշինքը, Գյումրիում՝ «Բալասանյան» դաշինքը, Մեղրիում՝ «Հանրապետություն» կուսակցությունը: