Ռուս-հայկական միջտարածաշրջանային ութերորդ ֆորումի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ երկու երկրների միջև հաստատվել է բովանդակալից երկխոսություն ու արդյունավետ համագործակցություն տարբեր ուղղություններով՝ Կրեմլի կայքի հրապարակումը ներկայացրել է РИА Новости-ն:
«Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա, ունեն իսկապես դաշնակցային բնույթ: Մեր պետությունների միջև կա էական քաղաքական երկխոսություն, արդյունավետ համագործակցություն տարբեր ոլորտներում: Ռուս-հայկական կապերի զարգացման հարցում էական դեր է խաղում միջտարածաշրջանային համագործակցությունը, ինչը հնարավորություն է տալիս փոխշահավետ նախագծեր իրականացնել տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային, հումանիտար և շատ այլ ոլորտներում»,- ասվում է տեքստում:
Պուտինը կարևորել է այն հանգամանքը, որ համաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ռուսաստանի պաշտոնատար անձինք, հասարակական կազմակերպությունները, գիտական, փորձագիտական և գործարար շրջանակները կկարողանան կատարել փորձի փոխանակում, քննարկել երկկողմ օրակարգի հարցեր և նախանշել հետագա համատեղ աշխատանքի ուղիները: