Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելեն Սանդ Անդրեսենին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է Հելեն Սանդ Անդրեսենին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-նորվեգական հարաբերությունների առավել ամրապնդմանը և օրակարգի առավել ընդլայնմանը:
Զրուցակիցները վերահաստատել են քաղաքական երկխոսության ակտիվացման, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխշահավետ համագործակցության զարգացման և առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխադարձ պատրաստակամությունը:
Դեսպան Անդրեսենը տեղեկացրել է, որ Team Europe նախաձեռնության շրջանակներում Նորվեգիան «Moderna» պատվաստանյութի զգալի խմբաքանակ կտրամադրի Հայաստանին։
Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը զրուցակցին համապարփակ կերպով ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը։
Այս համատեքստում կարևորվել է Ղարաբաղյան խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։