ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի՝ Թբիլիսի կատարած պաշտոնական այցի շրջանակում Միացյալ Նահանգներն ու Վրաստանը կստորագրեն համաձայնագիր Վրաստանի պաշտպանական և զսպման հնարավորությունների ամրապնդման մասին՝ հաղորդել է ТАСС-ը՝ վկայակոչելով Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Պենտագոնի ղեկավարին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն:
Օսթինն ու Բուրչուլաձեն կհանդիպեն նաև առանձին, որից հետո լրատվամիջոցների առջև հանդես կգան համատեղ հայտարարությամբ: Այցի ընթացքում ԱՄՆ պաշտպանության նախարարը կհանդիպի նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, կայցելի Վրաստանի ռազմակայաններից մեկը:
Վրաստանը և Միացյալ Նահանգները 1992 թվականից համագործակցում են քաղաքականության, տնտեսության, առևտրի, իսկ 1990-ականների վերջերից՝ պաշտպանության և անվտանգության ոլորտներում: 2009 թվականի հունվարին Վաշինգտոնում ձևավորվել էր երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության խարտիան, որը նախատեսում է համագործակցություն անվտանգության, պաշտպանության, առևտրի, տնտեսության, մշակույթի, ինչպես նաև հումանիտար ոլորտներում: