Երկուշաբթի Լյուքսեմբուրգում տեղի կունենա ԵՄ խորհրդի նիստը՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով, որի ժամանակ կքննարկվեն դեկտեմբերի 15-ին Բրյուսելում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները՝ հայտնում է ТАСС-ը: Ծրագրի պատմության մեջ առաջին անգամ Բելառուսի ներկայացուցիչները չեն հրավիրվի այդ հանդիպմանը, ընդ որում՝ գագաթնաժողովից մի քանի շաբաթ առաջ ԵՄ երկրները մտադիր են պատժամիջոցների նոր փաթեթ սահմանել Մինսկի նկատմամբ:
ԵՄ խորհրդի նիստում կքննարկվեն նաև Եվրոպական միության և Պարսից ծոցի երկրների հարաբերությունների խնդիրները, ներառյալ փոխադարձ առևտրի զարգացումը և Եվրոպա էներգիայի մատակարարումների ընդլայնումը, տնտեսական փոխազդեցությունը և կլիմայի վերաբերյալ հարցեր:
Նախարարները մտադիր են դիտարկել նաև իրադրությունը Աֆղանստանում, հումանիտար իրավիճակը Եթովպիայում և Նիկարագուայում:
«Արևելյան գործընկերությունը» Եվրամիության ծրագիր է, որի հիմնական նպատակը Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ տարածաշրջանային համագործակցության զարգացումն է: Բելառուսը ծրագրից դուրս գալու մասին հայտարարել է ամռանը, երբ ԵՄ-ն Մինսկի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառեց: