Էներգետիկայի և էներգասպառման բնագավառում 2021 թ. 1-ին կիսամյակում իրականացվել է 56 ստուգում և 36 վերստուգում։ 56 ստուգումից 9-ը կատարվել է Երևանում, 6-ը՝ Գեղարքունիքում, 3-ը՝ Արագածոտնում, 10-ը՝ Սյունիքում, 5-ը՝ Արմավիրում, 6-ը՝ Շիրակում, 4-ական Լոռիում և Կոտայքում, 1-ը Տավուշում, 3-ը Վայոց ձորում և 5-ը Արարատում։
36 վերստուգումից 6-ը՝ կատարվել է Կոտայքում, 3-ը՝ Արագածոտնում, 2-ը՝ Տավուշում, 2-ը՝ Արարատում, 6-ը՝ Արմավիրում, 10-ը՝ Շիրակում, 5-ը Սյունիքում և 2-ը Լոռիում։
Ստուգումների արդյունքում արձանագրվել է 715 խախտում, որից 43-ը կատարվել է Երևանում, 98-ը՝ Գեղարքունիքում, 62-ը՝ Արագածոտնում, 198-ը՝ Սյունիքում, 64-ը՝ Արմավիրում, 25-ը՝ Շիրակում, 67-ը Լոռիում և 25-ը Կոտայքում, 24-ը Տավուշում, 55-ը Վայոց ձորում և 54-ը՝ Արարատում։
48 տնտեսվարող սուբյեկտներում կամ դրանց մասնաճյուղերում տեսչական մարմնի մասնագետների կողմից կատարված ստուգումների արդյունքում գրանցվել է 239 խախտում, ինչը կազմում է բացահայտված բոլոր խախտումների 33.4%-ը։
Հիմնական խախտումները վերաբերում են.
գազի տնտեսության շահագործման, սպասարկման և վերանորոգման հատուկ հրահանգների բացակայությունը՝ 27 դեպք,
գազավտանգավոր աշխատանքներ իրականացնող աշխատակիցների, այդ թվում՝ նաև եռակցողների, գիտելիքների ստուգումներ չանցկացնելը կազմակերպության ղեկավարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից` պետական վերահսկողության իրավասություն ունեցող մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ՝ 26 դեպք,
կազմակերպության գազի տնտեսությունները շահագործող ինժեներատեխնիկական անձնակազմի (ԻՏԱ), գազավտանգավոր աշխատանքներ իրականացնող ԻՏԱ, գազամատակարարման օբյեկտների շինարարությունն իրականացնող շինմոնտաժային կազմակերպությունների ԻՏԱ գիտելիքների ստուգում չանցկացնելը կազմակերպության ղեկավարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից` պետական վերահսկողության իրավասություն ունեցող մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ՝ 26 դեպք,
գազատար խողովակների համապատասխանությունը ազգային ստանդարտներին կամ տեխնիկական պայմաններին հավաստող փաստաթղթերի բացակայությունը՝ 17 դեպք:
45 գազաբաշխման և գազասպառման միջին և բարձր ճնշման էներգատեղակայանքներում ստուգումների արդյունքում բացահայտվել է 352 խախտում։ Հիմնական խախտումներն են.
չի կատարվում գազատարի տեխնիկական շահագործման պրոֆիլակտիկ պլանային վերանորոգումը (29 դեպք),
չի կատարվում գազատարի տեխնիկական շահագործման շրջայցային կամ տեխնիկական սպասարկումը (զննում, կարգաբերում և մասնակի նորոգում, 28 դեպք),
առկա չեն գազատարների տեխնիկական սպասարկման աշխատանքների հրահանգներից՝ աշխատանքների կատարման անվտանգ մեթոդները (25 դեպք):
11 ստուգման դեպքում 110 կվ և բարձր լարման էլեկտրատեղակայանքի` ենթակայանի և բաշխիչ սարքվածքի տեխնիկական ստուգումների արդյունքում բացահայտվել է 91 խախտում։
Հիմնական խախտումներն են.
առկա չեն բաշխիչ սարքերի տարածքի բնահողի հաղորդականության մասին տվյալները (7 դեպք),
հողակցող սարքվածքների տեղակայումից, վերակառուցումից և հիմնական նորոգումից հետո, ոչ պակաս, քան 6 տարին մեկ, չեն կատարվում հպման լարումների չափումներ (6 դեպք),
կարգագրով աշխատելիս չի ձևակերպվում նպատակային հրահանգավորումը, առաջնային թույլտվության նպատակային հրահանգավորման գրանցման մատյանում (4 դեպք),
սարքին վիճակում չեն ԲՍ-ի տարածքում կոպճային լցվածքները, յուղահեռացման սարքվածքները (4 դեպք),
չի պահպանվում էլեկտրակայանքների բանալիների պահպանման և հաշվառման կարգը (4 դեպք)։
Ստուգումների և վերստուգումների արդյունքում կազմվել և տնտեսավարող սուբյեկտներին է տրամադրվել պարտադիր կատարման միջոցառումները և դրանց կատարման ժամանակացույցը սահմանող 71 կարգադրագիր։
Էներգետիկայի և էներգասպառման բնագավառում 2021 թվականի 1-ին կիսամյակում 36 տնտեսավարող սուբյեկտների օբյեկտներում արված վերստուգումներից պարզվել է, որ արձանագրված 299 խախտումից վերացվել է 193-ը։
Նշված ժամանակահատվածում ստուգված տնտեսավարող սուբյեկտներից մեկին տրվել է թերությունների բացակայության մասին տեղեկանք, իսկ վերստուգումների արդյունքում՝ 20 տեղեկանք, որից 8-ը՝ Շիրակի մարզում, 4-ը՝ Կոտայքի, 3-ը Սյունիքում, 2-ը Արագածոտնի և մեկական՝ Տավուշի, Արարատի և Արմավիրի մարզերում։
ՀՀ տարածքում տեղակայված 6 կՎ և բարձր լարման էլեկտրաէներգետիկական և միջին ու բարձր ճնշման գազամատակարարման համակարգերում՝ տնտեսվարող սուբյեկտների դիմումների հիման վրա, նոր կառուցված և վերակառուցված էներգատեղակայանքներում 2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում իրականացվել է 665 տեխնիկական ստուգում, որից 353 էլեկտրաէներգետիկական և 312 գազամատակարարման համակարգերում:
Արդյունքում տրվել է 547 գործարկման եզրակացություն, իսկ թվով 118 տեղակայանքների գործարկումներ՝ նախագծի և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին անհամապատասխանության, թերի շինարարական աշխատանքների և ներկայացված տեխնիկական փաստաթղթերի ոչ ամբողջականության համար ակտ-կարգադրագրերով մերժվել են։
2021 թվականի 1-ին կիսամյակում էներգատեղակայանքներում տեղի ունեցած մահվան ելքով 12 պատահարների վերաբերյալ ՀՀ կառավարության սահմանած կարգով կազմակերպվել և իրականացվել է մասնագիտական քննություն, ընդ որում՝ 5-ը Երևանում, 3-ը Կոտայքի, 2-ը Շիրակի մարզերում, 1-ական Արարատի և Արմավիրի մարզերում:
Տեսչական մարմնի կողմից իրականացվել է 1 համակարգային պատահարի մասնագիտական քննություն: