Մեղրիում խոշորացումից հետո համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ առաջին անգամն են անցկացվում: Համայնքն ընդգրկում է Մեղրի, Ագարակ քաղաքներն ու Ալվանք, Այգեձոր, Գուդեմնիս, Թխկուտ, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր և Տաշտուն գյուղերը։ Մեղրին ընդգրկված է 35-րդ ընտրատարածքում:
Համայնքի բնակիչներն ընտրում են 16 ընտրական տարածքային տեղամասերում: Ըստ էության՝ խոշորացված համայնքի բնակիչները կընտրեն ավագանի, այնուհետև ավագանին կընտրի համայնքի ղեկավար:
Ընտրություններին մասնակցում է չորս քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Ազատական» և «Ապրելու երկիր» կուսակցությունները: Կուսակցությունների առաջին համարը ներկայացնող թեկնածուները քարոզարշավի ընթացքում արդեն հնարավորություն ունեցել են ընտրողներին ներկայացնելու համայնքի զարգացման իրենց ծրագրերը:
Առավոտյան Ագարակի 35/3 ընտրատեղամասում առաջինն իր քաղաքացիական պարտքը կատարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Արարատ Թումանյանը: Ընտրությունը կատարել է հանուն Մեղրիի լավ ապագայի:
Արարատ Թումանյան, Մեղրի համայնքի ղեկավարի թեկնածու, ՔՊ կուսակցություն - Այդ ապագան պատահական, հենց այնպես ընտրված կարգախոս չէր մեր քաղաքական թիմի կողմից, որովհետև մենք վստահ ենք՝ ամեն ջանք ու եռանդ ներդնում ենք դրա համար: Ներմուծել ենք բազմաթիվ օրակարգային ծրագրեր, որպեսզի ամեն ինչ անենք՝ իրականում այդ լավ ապագայի համար, որով հուսադրված են մեր սերունդները:
Առաջինն ու գլխավորը լինելու է համայնքի անվտանգության խնդիրների լուծումը՝ ասում է Արարատ Թումանյանը: Ագարակում էր ընտրում Խաչատուր Անդրեասյանը, որն առաջնորդում է «Ազատական» կուսակցության ավագանու ցուցակը: Համայնքի ղեկավարի թեկնածուն քվեարկեց հանուն Մեղրիի նոր ապագայի: Նրա խոսքով՝ ընտրվելու դեպքում առաջին անելիքը լինելու է ջրամատակարարման խնդիրների լուծումը:
Խաչատուր Անդրեասյան, Մեղրի համայնքի ղեկավարի թեկնածու, «Ազատական» կուսակցություն - Բոլոր տեղերում կարևորը ջրի, ջրամատակարարման հարցն է: Կարևորը ժողովուրդը լավ լինի, առողջ լինի, Մեղրիում խաղաղություն լինի: Առաջնահերթ անվտանգության հարցն է:
«Արժևորելով անցյալը՝ կառուցելու ենք նորը». նորովի կարգախոսով ընտրությանը մասնակցում է «Հանրապետություն» կուսակցությունը: Ցուցակը գլխավորում է Բագրատ Զաքարյանը: Համայնքում խնդիրներ շատ կան՝ ասում է նա, սակայն առաջնահերթն անվտանգությունն է:
Բագրատ Զաքարյան, Մեղրի համայնքի ղեկավարի թեկնածու, «Հանրապետություն» կուսակցություն - Համար առաջին խնդիրն է համատեղ աշխատանքը Պաշտպանության նախարարության հետ, անվտանգությունն ապահովելու հարցն է, մեր գյուղացիների ոռոգման խմելու ջրի հարցն է:
«Ապրելու երկիր» կուսակցությունն ընտրությունն արել է Մեղրու զարգացման համար: Ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորող Արմեն Հայրապետյանը կարծում է, որ անվտանգության ու գյուղատնտեսական խնդիրների լուծմանը զուգահեռ՝ պետք է զբաղվեն առողջապահական հարցերով:
Արմեն Հայրապետյան, Մեղրի համայնքի ղեկավարի թեկնածու, «Ապրելու երկիր» կուսակցություն - Համայնքի ղեկավարի պաշտոնն ստանձնելուց ուղիղ մեկ տարի անց ունենալու ենք ախտորոշման լաբորատորիա: Չունենալու դեպքում պատրաստ եմ տալ հրաժարական:
Բոլոր քաղաքական ուժերի թեկնածուները միակարծիք են՝ կհավաքեն 50 գումարած մեկ ձայն, թե ոչ՝ պատրաստ են հանուն Մեղրիի զարգացման աշխատել համայնքի ավագանու կազմում: