Ժամը 14.00-ի դրությամբ Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել է ընտրողների 11.31 տոկոսը (12,382 քաղաքացի):
«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Վահրամ Թոքմաջյանից «Լուրերի» թղթակիցը հետաքրքրվել է, թե մինչ ժամը 16.00-ն ինչպես է ընթացել ընտրությունը, ինչ խախտումներ են արձանագրվել։
«Գյումրիում մթնոլորտն ընդհանուր առմամբ հանգիստ է, ինչը չէինք ասի Սյունիքում տեղի ունեցող ընտրությունների մասին, որտեղ էապես շատ են խախտումները։
Գյումրիում հիմնականում ընթացակարգային խախտումներ են։ Առավոտյան ունեցել ենք տեղամասեր, երբ ոստիկաններն են մասնակցել ընտրատեղամասային հանձնաժողովի նիստին, ինչը խախտում է, ունեցել ենք տեղամաս, որտեղ վստահված անձի իրավունքներն են խախտվել։ Հիմնականում խնդրահարույց են այն տեղամասերը, որոնք ունեն կահավորանքի խնդիր»,- ասաց Թոքմաջյանը։
Նա նշեց նաև, որ ընտրակաշառքների վերաբերյալ ահազանգ չեն ստացել։