Հայաստանի հյուսիսարևելյան առաջնագծում ենք, ծովի մակերևույթից ավելի քան 3000 մետր բարձր: Տարվա բոլոր եղանակներին այստեղ սառը քամի է և անբարենպաստ եղանակ, տղաները հերոսաբար են իրականացնում մարտական հերթապահությունը, աչալուրջ են և պատրաստ ցանկացած գործողության:
Պահեստազորի եռամսյա հավաքների մասնակիցները տևական ժամանակ է՝ առաջնագծում մարտական հերթապահություն են իրականացնում:
Խաչիկ Վարդանյան (գումարտակի հրամանատար, փոխգնդապետ) - Առաջին անգամ էր պահեստազորայինների հետ, բայց բոլոր ներդաշնակման փուլերն անցել են ամբողջ գումարտակի կազմով, դրա համար ավելի հեշտ է, չի տարբերվում՝ պահեստազորային է, պայմանագրային թե ժամկետային:
Հայրը երկու որդիների հետ՝ նույն դիրքում: Երեքն էլ եռամսյա հավաքներով են մարտական հերթապահության նշանակվել: Կամոն մի որդուն էլ տանը՝ կանանց հետ է թողել: Ասում է՝ դեկտեմբերին կավարտեն, տան գործերին կանցնեն:
Կամո Գևորգյան (վարժական հավաքների մասնակից) - Թոռնիկ ունեմ, հիմա այս եռամսյա հավաքին ես նորից իմ կամքով եկա: Ես ուրախ եմ, որ եկել եմ: Եկել եմ նորից սահմանը պահպանեմ:
44-օրյա պատերազմից հետո Հայաստանի արևելյան հատվածի պաշտպանական բնագիծը փոխվել է: Կահավորվել են մարտական դիրքերի դիտակետերն ու կրակակետերը: Բանակային կորպուսի հրամանատարի տեղակալը վստահեցնում է՝ մինչև ձմեռ կավարտեն ամբողջ աշխատանքները, մարտական հենակետերը կհամալրեն նաև արևային վահանակներով: Նոր, ավելի լավ պայմաններում կապահովեն զինծառայողների կենցաղային պայմանները:
Հայկ Պետրոսյան (բանակային կորպուսի հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ) - Պաշտպանությանը զուգահեռ մենք իրականացրել ենք նոր բնագծերի կահավորում, պաշտպանական կառույցների կահավորման աշխատանքներ: Դա քարե կացարանների կառուցումն է, վագոն-տնակների տեղադրումն է, խրամուղիների, խրամատների, ճանապարհային ցանցի կահավորվումն է դեպի մարտական դիրքեր:
Պաշտպանության այս գոտում հակառակորդը ամռանը փորձել էր դիվերսիոն խմբով մարտական դիրք մտնել: Տղաները հետ են շպրտել: Հրամանատարությունը նաև ուշի ուշով հետևում է սահմանին տեղի ունեցող դեպքերին, արձանագրում, հետևություններ անում: Գումարտակի հրամանատարի տեղակալն օրը ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ է տղաներին հիշեցնում, հորդորում զգոն և ուշադիր լինել.
Գուրգեն Համբարձումյան (գումարտակի հրամանատարի տեղակալ, կապիտան) - Կառուցել ենք այնպես, որ հակառակորդի յուրաքանչյուր գործողություն նկատելի, վերահսկելի լինի և, իրավիճակից ելնելով, կարողանանք նաև համարժեք պատասխան տալ հակառակորդի սադրանքներին, իսկ գետնատնակի պահով կասեմ, որ կենցաղային բոլոր պայմաններով ապահովված ենք՝ առանձին քնելու տեղ, առանձին ճաշարան, զենք-զինամթերքը դնելու տեղ:
Զորամիավորումից նաև արձանագրում են՝ առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների թիվը փոքր է, մարտական դիրքերում էլ կորոնադեպքեր չունեն: