Հայաստանում օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության և կացության կարգավիճակի տրամադրման գործընթացը թվայնացվում է: Բարեփոխման ծրագիրը Կառավարությունը հաստատել է 2019-ին, այս տարի ընդունվել է օրենսդրական փաթեթը: Կստեղծվի օտարերկրացիների տվյալների էլեկտրոնային միասնական հարթակ:
Արմեն Ղազարյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ) - Տեղի է ունենում համադրում, այնուհետև տեղի են ունենում համապատասխան ստուգումներ, որոնց արդյունքում եթե դրական որոշում է կայացվում օտարերկրացու մասով, օտարերկրացին գալիս է և միգրացիոն ծառայությունից ստանում է իր կացության կարգավիճակը, որը նրան թույլ է տալիս աշխատել Հայաստանում:
Միգրացիոն ծառայության պետի խոսքով՝ նպատակը վարչարարության դյուրացումն է. էլեկտրոնային գործիքների միջոցով վարչարարության 2 ամիս ժամկետը կկրճատվի կիսով չափ: 2019-ին աշխատանքի թույլտվություն է ստացել 855 օտարերկրացի, 2020-ին, քովիդով պայմանավորված՝ թիվը նվազել է. 672 քաղաքացի է ստացել թույլտվություն:
Արմեն Ղազարյան - Վարչական վիճակագրությունը ցույց է տալիս, որ, օրինակ՝ 2019-ին բոլոր աշխատանքի թույլտվությունների մոտ 40 տոկոսը տրամադրվել է Հնդկաստանի քաղաքացիներին, ապա՝ Իրանի, Ուկրաինայի, Վրաստանի, Ուզբեկստանի, Ֆիլիպինների:
Օտարերկրացիներն այստեղ ներգրավված են զբոսաշրջության, հյուրանոցային, ռեստորանային սպասարկման, ժամանցի, շինարարական, գյուղատնտեսական ոլորտներում:
Հնդկաստանից Գուրպրիտ Սինխը երեք տարի առաջ իր համար բացահայտեց Հայաստանը: Հիմա պայմանագրով աշխատում է Երևանի սանիտարական մաքրման ծառայությունում:
Գուրպրիտ Սինխ (Հնդկաստանի քաղաքացի) - Առաջին անգամ Հայաստան եկա որպես զբոսաշրջիկ: Դժվար, բայց լավ աշխատանք է, վարձատրությունը ևս նորմալ է՝ կեցության ծախսերը հոգալու համար: Պայմանագիրը մեկ տարվա համար է, բայց կարող է նաև երկարաձգվի:
Ռաժնիշ Կումարը ևս Հնդկաստանից է: 2017-ին ռեստորանային գործ է սկսել, երկու տարի աշխատել, ապա անցել այլ աշխատանքի: Մինչև 2020-ը աշխատանքային խնդիրներ չի ունեցել: Անցած տարի աշխատել է շինարարության ոլորտում: Աշխատանքի դիմաց գումարը գործատուն առայսօր չի վճարել Կումարին:
Ռաժնիշ Կումար (Հնդկաստանի քաղաքացի) - Անցած տարի աշխատել եմ երկու անձանց հետ, նրանք գրանցված ընկերություն չունեն, գործում են անօրինական: 51 օր աշխատել եմ, վճարել են ընդամենը 50 հազար դրամ, մնացած գումարը դեռևս չեն վճարել: Դիմել եմ պետական համապատասխան գերատեսչություններ: Նրանց հավաստիացրել են, որ կվճարեն, կոնկրետ օրեր են նշանակել, բայց այդպես էլ գումարը չեմ ստացել: Այստեղ սա ինձ հետ պատահած առաջին տհաճ միջադեպն է:
Հնդկաստանի քաղաքացին դիմում-բողոք է ներկայացրել նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին: Նրա աշխատանքային իրավունքները պաշտպանելու նպատակով տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ:
Իգիթ Հակոբյան (ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ) - Առկա չէր աշխատանքային պայմանագիր, որի պայմաններում տեսչական մարմինը այլևս իրավունք չունի որևէ կերպ միջամտելու: Աշխատանքային օրենսգիրքը սահմանում է, որ աշխատանքային հարաբերությունների ծագումը փաստվում է դատական կարգով միայն:
Հաշվի առնելով վերջին շրջանում Հնդկաստանի բազմաթիվ քաղաքացիների ներգրավումը Հայաստանի աշխատաշուկայում՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կարևորում է աշխատանքային իրավունքների մասին նրանց իրազեկվածությունը:
Իգիթ Հակոբյան - Խոսքը հիմնականում, նաև հիշեցման կարգով ուղղում եմ գործատուներին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը սահմանում է՝ գործատուի կողմից առանց կացության կարգավիճակի կամ աշխատանքի թույլտվության օտարերկրացուն աշխատանքի ընդունելը առաջացնում է վարչական պատասխանատվություն:
Աշխատողն ու գործատուն պետք է ունենան աշխատանքային գրավոր պայմանագիր, որի հիման վրա տեսչական մարմինը կարող է պաշտպանել աշխատանքային իրավունքները: