Հայաստանի սպառողական շուկայում սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ամենաբարձր գնաճն է արձանագրվել՝ 8.9 տոկոս: Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գնաճը կազմել է 15.4 տոկոս: Նախորդ սեպտեմբերի համեմատ 9 տոկոս գնաճ է արձանագրվել մսամթերքի, 9.5 տոկոս՝ հացաբուլկեղենի և ձավարեղենի շուկայում։ Կաթնամթերքի, պանրի և ձվի դեպքում գրանցվել է 10 տոկոս գնաճ։
Յուղերի և ճարպերի ապրանքախմբում՝ 27.1 տոկոս: Շաքարը, մեղրը, օշարակներն ու շոկոլադը թանկացել են 16.2 տոկոսով: Բանջարեղենն արձանագրել է 64.5 տոկոս գնաճ, իսկ մրգերը գնանկում են արձանագրել՝ 3 տոկոս:
Տնտեսագետների դիտարկմամբ՝ ապրանքների ինքնարժեքը աշխարհում բարձրացել է, և Հայաստանում փոխարժեքի կայունացման արդյունքում հնարավոր է եղել խուսափել ավելի մեծ գնաճից:
Արտակ Մանուկյան (տնտեսագետ) - Հայաստանի Հանրապետությունը գնաճ ներմուծող երկիր է, բայց ստեղ էլ որոշակի քաղաքականության և հայ ապրանքարտադրողների մասով տեսնում ենք, որ գնաճային ճնշումները համեմատաբար ավելի նվազ են:
Ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գները ևս աճել են՝ 9.3 տոկոս: Էականորեն թանկացել են նաև հագուստը և կոշիկը՝ 12.4 տոկոս: Մանուկյանի կարծիքով՝ գնաճը բավականին ազդել է կենսաթոշակառուների և միջին ամսական աշխատավարձ ստացող քաղաքացիների վրա:
Արտակ Մանուկյան - Միջին ամսական աշխատավարձն աճել է շատ ավելի նվազ տեմպով, քան գնաճը, հետևաբար այլ հավասար պայմաններում այդ միջին վիճակագրական աշխատողի գնողունակությունը նվազել է:
Ակնկալվում է, որ տարվա վերջին եռամսյակում ևս գնաճը բարձր կլինի: Տնտեսագետների կարծիքով՝ 2021-ի ավարտին Հայաստանում գնաճը կգերազանցի 7 տոկոսի շեմը:
Արտակ Մանուկյան - Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունը երեք օր առաջ ևս տարվա համար իր գնաճի կանխատեսումը թարմացրեց՝ որպես 7.4 տոկոս: Ակնհայտ է, որ որոշակի ապրանքատեսակներ, նաև՝ սոցիալական նշանակության, մենք ներմուծում ենք Ռուսաստանի Դաշնությունից: Եվ եթե նրանք արդեն իսկ էս գնաճային միտումները տեսնում և ամրագրում են, որպես փաստացի իրականություն սա ևս որոշակի գնաճային սպասումներ է առաջացնելու:
Աշխարհում գնաճի զսպման համար կենտրոնական բանկերի կիրառած գործիքակազմի ազդեցությունը, ըստ մասնագետների, նկատելի կլինի 2022 թվականի երկրորդ եռամսյակից:
Արտակ Մանուկյան - Եթե մենք դիտարկենք ավելի երկար ժամանակահատված, այսինքն՝ 5 տարվա միջինը, ակնհայտ ա, որ Հայաստանի Հանրապետությունն ունի էն մակրոտնտեսական անվտանգության գործիքակազմը և բարձիկները, որով կանխատեսվում է, որ այս միջնաժամկետ հատվածներում գնաճը էլի կվերադառնա իր կառավարելի թիրախային մասով:
Հատկանշական է, որ սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, 0.1 տոկոս գնանկում է արձանագրվել:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան