Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն աշխատանքային այցով եղել է Ալավերդի խոշորացված համայնքում՝ այստեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին հետևելու նպատակով: Մարզի ղեկավարին միացել էր նաև ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը։
Այստեղ իրականացվող ծրագրերից առաջինն Ալավերդի բնակավայրի բազմաբնակարան շենքերի բարեկարգումն է, ինչի հետ կապված դժգոհության ալիք էր բարձրացել: Ինչպես հայտնի է, օրեր առաջ անձրևաջրերը հեղեղել էին դեռևս հիմնանորոգման ընթացքում գտնվող շենքի վերևի հարկերում տեղակայված բնակարանները, և բնակիչներն իրենց դժգոհությունն էին հայտնում այդ առիթով:
Բնակիչները խնդիրը տեղում ներկայացրել են նաև Ա. Խաչատրյանին: Վերջինս քաղաքացիների հետ զրույցում ասել է, որ խորապես մտահոգված է խնդրով և նշել, որ արդեն իսկ բանավոր համաձայնություն է ձեռքբերվել կառուցապատողի հետ, որ տանիքների հիմնանորոգման ավարտից հետո կպարտավորվի փոխհատուցել պատճառված վնասը:
«Հարցի հետ կապված անպայման հետևողական ենք լինելու»,- նշել է մարզպետը՝ հանձնարարելով նաև համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանին խնդիրը պահել ամենօրյա հսկողության տակ:
Մարզի ղեկավարը եղել է վերջերս բարեկարգված Արցախյան պատերազմների զոհերին նվիրված պուրակում, ծաղիկներ խոնարհել Արցախյան առաջին և 44֊օրյա պատերազմներում զոհված նահատակների շիրիմներին։
Ալավերդի համայնքում սուբվենցիոն միջոցներով իրականացվում է նաև գյուղական բնակավայրերի ոռոգման և խմելու ջրամատակարարման ցանցերի վերանորոգում: Երկու ծրագրերի ընդհանուր արժեքը շուրջ 98 մլն դրամ է: Համայնքում կառուցվում են նաև ճեմուղիներ։
Ընթացող աշխատանքների վերաբերյալ մարզպետ Արամ Խաչատրյանը հանդես է եկել մի շարք այլ դիտարկումներով ևս: Նա հորդորել է աշխատանքներն իրականացնել խիստ որակով և ավարտին հասցնել սահմանված ժամկետներում: