ԱԼԻ ՇԱՄԽԱՆԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԱԼԻԵՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի և Հայաստանի մասին արված այն հայտարարություններին, թե իբր Հայաստանն ու Իրանը գործակցել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում: Շամխանին Թվիթերի միկրոբլոգում շեշտել է, որ բարիդրացիության սկզբունքներն անտեսելը և ոչ կառուցողական հայտարարությունները չեն կարող բարի կամքի նշան լինել: «Թմրամիջոցների դեմ պայքարում աշխարհի կողմից հերոս ճանաչված երկրի դեմ մեղադրանքը չի կարող այլ ազդեցություն ունենալ, քան մեղադրողի խոսքերի հերքումը: Զգուշացե՛ք սատանայի թանկարժեք ծուղակներից»,- շեշտել է քարտուղարը:
ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՑԱԴՈՒԼԸ
ՎՐԱՍՏԱՆ
Ուկրաինացի պատգամավոր Լիզա Յասկոն բանտում այցելել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո նա լրագրողներին ասել է, որ Սաակաշվիլին շատ թույլ է, բայց չի պատրաստվում դադարեցնել հացադուլը: Վրաստանում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Լևան Բեժաշվիլին հայտարարել է, որ առաջիկայում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով հանրահավաքներ կանցկացվեն երկրի մեծ քաղաքներում, իսկ կուսակցության գործողությունների ծրագիրը շուտով կհրապարակվի: Հոկտեմբերի 14-ին Թբիլիսիի կենտրոնական Ազատության հրապարակում Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն ազատ արձակելու պահանջով տասնյակ հազարավոր մարդիկ ցույց են անցկացրել։
ՊԱՅԹՅՈՒՆ ՄԶԿԻԹՈՒՄ. ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 63-Ի
Աֆղանստանի Կանդահարի նահանգի մզկիթում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի: Մզկիթում, որտեղ պայթյուն է տեղի ունեցել, մարդիկ ոգեկոչել են Կունդուզի նահանգում տեղի ունեցած պայթյունի զոհերին, որը մեկ շաբաթ առաջ 120 մարդու կյանք էր խլել: Պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ կեսօրին Աֆղանստանի Կանդահարի նահանգի շիա մզկիթում։ Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:
ԲՈՐԻՍ ՋՈՆՍՈՆԸ ՑՆՑՎԱԾ Է ԴԵՎԻԴ ԱՄԵՍԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ցնցված է իշխող Պահպանողական կուսակցության պատգամավոր Դևիդ Ամեսի սպանությունից: BBC-ի հետ հարցազրույցում կառավարության ղեկավարը զոհվածին անվանել է բրիտանական քաղաքականության ամենասիրելի ու բարի մարդկանցից մեկը: Ամեսի մահվան կապակցությամբ իջեցվել են բրիտանական դրոշները Դաունինգ սթրիթի վրա, որտեղ գտնվում են կառավարության ղեկավարի և ֆինանսների նախարարի նստավայրերը: Դևիդ Ամեսին երեկ դանակահարել էին նախընտրական հանդիպման ժամանակ՝ եկեղեցում: Նա ուներ հինգ երեխա: