Արցախից տեղահանված ևս երկու ընտանիք կապրի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում: Հարուստ բնությամբ սահմանամերձ համայնքը ընտանիքին հիշեցնում է կորցրած Հադրութը:
Սահակ Սահակյան (Արցախից տեղահանված) - Ինչ-որ մի տեղ դա էլ ա կապել մեզ: Լրիվ ոնց որ մեր Հադրութի ստիլով լինի, Հադրութի նման ա:
Էլմիրա Սահակյան (Արցախից տեղահանված) - Ամեն ինչ թողել ենք Հադրութում, խաղողի այգի ունեի: Տղայիս ընտանիքը Մեխակավանում էր, կապրենք միասին: Ես սովոր եմ գյուղի կյանքին, ինձ դուր է գալիս, մաքուր օդ է: Ցանկությունս է, որ տեղահանված բոլոր արցախցիներն այսպիսի հնարավորություն ունենան:
Ծրագիրն իրականացնող չորս կազմակերպություն Ներքին Կարմիրաղբյուրում մինչև հիմա 7 տուն է հատկացրել արցախցի ընտանիքներին: Գյուղում չբնակեցվող տները գնում, նորոգում, կահավորում, հանձնում են 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախում տունը կորցրած ընտանիքների:
Փիտեր Աբաջյան («Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Մոտ 100-120 ընտանիքի հետ հանդիպեցինք, ինչի կարիք ունեն, հնարավորություն ունեն-չունեն Արցախ վերադառնալ, բայց որ հնարավորություն չունեն, այդ ընտանիքների վրա աշխատում ենք, ընտրում ենք՝ Ներքին Կարմիր կամ ուրիշ գյուղեր:
Խրշոյաններն ապրում էին Քաշաթաղի շրջանի Սոնասար գյուղում: Բազմազավակ ընտանիքն Արցախում նոր տուն էր ստացել, բայց պատերազմի հետևանքով չհասցրեց բնակվել: Արայիկն այնտեղ մանկապարտեզի վարորդն էր, հարևան գյուղերից երեխաների էր տեղափոխում:
Արայիկ Խրշոյան (Արցախից տեղահանված) - Ռուզանն ա, հետո՝ Արտյոմ, հետո՝ Միլենան, հետո՝ Միհրան, հետո արդեն զույգ՝ Գրիգոր, Գայան, ամեն երեխա իր սենյակն ունի:
Նոր բնակարանի պայմաններն է ներկայացնում ընտանիքը: 100 ոչխարը, 40 խոշոր եղջերավորն ու 4 ձին թողեցին Քաշաթաղում, այստեղ մտադիր են գյուղատնտեսական նոր ծրագրեր սկսել, որոշել են նաև հացի փուռ աշխատեցնել:
Կարինե Աբուլյան («Ֆոքըս օն չիլդրեն նաու» կազմակերպության համահիմնադիր) - Ներքին Կարմիրաղբյուրում ենք, 6-րդ, 7-րդ ընտանիքին ենք բնակարան նվիրում, մինչ այսօր 10 ընտանիքի նոր տուն ենք տվել:
Հայկական վերաբնակեցման միության ջանքերով, չի բացառվում, առաջիկայում սահմանի գյուղում արցախցի ընտանիքներն էլի ավելանան: