Մայիսից դեպի Դադիվանք ուխտագնացություն չի եղել՝ ադրբեջանցիներն են խոչընդոտում՝ նախ՝ համավարակ, հետո՝ անձրևներ ու սողանքներ պատճառաբանություններով:
Լուսինե Ղարախանյան (Արցախի ԿԳՄՍ նախարար) - Բայց դրանք իրականում սովորական խոչընդոտներ էին: Հիմա Համայն ռուսիո պատրարքի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ադրբեջանական հոգևոր առաջնորդի հանդիպումների արդյունքներով որոշվեց, որ մարդիկ կարող են գնալ Դադիվանք ուխտագնացության:
Հոկտեմբերի 13-ին Մոսկվայում հանդիպել էին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները։ 1988 թվականից սկսած սա նման ձևաչափով 17-րդ հանդիպումն էր: Մոսկվայում կաթողիկոսին ուղեկցող Արցախի թեմի առաջնորդի կարծիքով ևս՝ հանդիպումը դրական ազդակներ ուներ, բայց արդյունքները ցույց կտա ժամանակը:
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան (Արցախի թեմի առաջնորդ) - Հետագան ցույց կտա՝ կվերականգնվե՞ն արդյոք ուխտագնացությունները, թե՞ ոչ, բայց մենք ներկայացրինք, որ այդ ուխտագնացությունները կարևոր են: Այս պահին Դադիվանքում 6 հոգևոր սպասավոր ունենք:
Նրանց հետ կապը մշտական է՝ նշում է Արցախի թեմի առաջնորդը: Հոգևորականները խնդիր չունեն, ժամանակին տարբեր առիթներով հոգեբանական ճնշումներ լինում են՝ ժեստեր ցույց տալու, երաժշտության, գոռգոռալու, բայց ռուսական կողմը հորդորում է նման բաներ չանեն, տղաների հոգեբանական վիճակը լավ է, ինչ պետք է՝ մենք իրենց շաբաթը մեկ անգամ փոխանցում ենք:
Ոչ միայն Դադիվանք, այլև հայկական կրոնական այլ կառույցներ ուխտագնացությունները պետք է ավելացնել՝ կարծում է Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը:
Լուսինե Ղարախանյան - Օրակարգ պետք է մտցվի ոչ միայն Դադիվանքի, այլև բոլոր այն եկեղեցիներ ուխտագնացություններ կազմակերպելու հարցը, որոնք օկուպացված են, օրինակ՝ Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցի, իսկ ինչո՞ւ ոչ:
«Լուրերի» հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հինգ եկեղեցի առանձնացրեց, որտեղ ուխտագնացությունների կազմակերպումը կարևոր է:
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան - Դա Հադրութի շրջանի Գտչավանքն է, Հադրութ քաղաքի եկեղեցին է, Ծիծեռնավանքը, Ղազանչեցոցը, Դադիվանքը:
Թե ե՛րբ դա իրականություն կլինի՝ դեռ դժվար է ասել, ամեն դեպքում պնդել, ասել, հարցը բարձրացնել և օրակարգում պահել անհրաժեշտ է: Վանդալիզմի ենթարկված հուշարձանների մոնիթորինգ Արցախի նախարարությունն անում է, բայց միայն համացանցում հայտնված տեսանյութերի ու լուսանկարների հիման վրա՝ նշում է Ղարախանյանը: Համակարգային մոնիթորինգային ցանց ստեղծելու անհրաժեշտություն կա, քանի որ վանդալիզմի դեպքերը շատ են:
Լուսինե Ղարախանյան - Ակնառու է Շուշիի Ղազանչեցոցի «վերականգնման» աշխատանքները, հանելուկային, որ չգիտենք՝ ի՛նչ է կատարվում, հավանաբար ձևախեղված ինչ-որ կառույց, ավերված է Կանաչ ժամ եկեղեցին, Նելսոն Ստեփանյանի հուշարձանը, Արթուր Մկրտչյանի թանգարանը Հադրութում, Տողի մելիքական ապարանքը: Ջրականի եկեղեցին այնպես է մաքրված, որ քար անգամ չկա, Մատաղիսի եկեղեցուց քար նույնիսկ չի մնացել:
Ի դեպ, երեք երկրների հոգևոր առաջնորդների հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ղազանչեցոցի վերականգնման աշխատանքներին առաջարկել է ընդգրկել նաև հայ ճարտարապետների, առաջարկը, սակայն մերժվել է: Իսկ դեպի Դադիվանք ուխտագնացությունների վերականգնմանը սպասում են շատերը, հատկապես երիտասարդները՝ նշում է նախարարը, ավելացնում՝ երիտասարդների մի մասը Դադիվանք ուխտագնացության ժամանակ պսակադրվում է:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան