Օրական մի քանի ժամ սարքերն ստուգում են նյութերի ամրությունը, հետո մյուս գրանցիչները տալիս են վերջնական գնահատականը: 2017-ից գործող շինարարական նյութերի և պատրաստվածքների լաբորատորիան իրականացնում է ուսումնագիտական փորձարկումներ:
Բոլոր փորձարկումներն իրականացնում են վերջին սերնդի սարքավորումներով: Ձեռնարկությունների հետ ունեն պայմանագրեր, ուսումնասիրում են նյութերը, փորձարկումից հետո տալիս գնահատական: Հումքի որակից մինչև պատրաստի արտադրանք՝ բոլոր հետազոտությունների արդյունքները մի քանի րոպեում արձանագրում են սարքերը:
Սարքերը թույլ են տալիս մանրակրկիտ հետազոտել նյութերի ֆիզիկամեխանիկական հատկությունները: Հայաստանում լայն կիրառություն ունեն բետոնը և երկաթբետոնը: Բաղադրությունը հենց այստեղ է հետազոտվում: Նմուշները, հումքանյութերը բերում են ընկերությունները, մասնագետներն ուսանողների հետ իրականացնում են ուսումնասիրությունների գործընթացը:
Տուֆի թափոններից ստանում են մրցունակ ջերմամեկուսիչ նյութեր: Մասնագետը պնդում է, որ թափոններն ունեն արժեքավոր հատկություններ՝ ժամանակակից նյութեր ստանալու համար: Սա ճանապարհ է, որով լուծվում է միանգամից երկու խնդիր:
Ուսումնագիտական լաբորատորիան ուսանողներին հնարավորություն է տալիս անձամբ անհրաժեշտ տեղանքներից վերցնել փորձանմուշներ, հետո գիտական ղեկավարի հետ իրականացնել հետազոտություններ: Խնդիր է դրված եղած հումքերից ստանալ նոր նյութեր՝ շինարարության ոլորտում կիրառելու համար: